Կարևոր իրադարձություններ

Տխրահռչակ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ՝ իմ զոհվելու հավանականությունը մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով․ Փաշինյան (տեսանյութ)

12 Նոյեմբեր, 2020 14:48
Տխրահռչակ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ՝ իմ զոհվելու հավանականությունը մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով․ Փաշինյան (տեսանյութ)

Տխրահռչակ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ՝ իմ զոհվելու հավանականությունը մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղեձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատերը, ժամանակի տրամաբանության բերումով, հնարավոր է հարց հնչեցնեն՝ իսկ ինչո՞ւ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ եւ ինչո՞ւ նույնքան մտահոգ չէի դրանից առաջ։ Գործողությունների առումով խնդիրը հետեւյալն է, որ, ըստ էության, հրամանատարի ամենակարեւոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելու մեջ, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, եւ հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն:

Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջեւ: Բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որեւէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի:

Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի, տխրահռչակ փաստաթուղթը եւ այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական իմաստով։ Բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարեւոր էր, կարծում եմ՝ նաեւ ձեզ համար:

Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը։ Ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին, թիկունքում այլեւս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա եւ, ուրեմն, եկել էր հրամանատարի ժամանակը հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՜ ֆիզիկական, թե՜ քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, եւ ես այդ թուղթն ստորագրել եմ հենց այս գիտակցությամբ»,- ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին