ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող մի շարք կազմակերպություններում արձանագրել են տարաբնույթ խախտումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ լրատվական ծառայությունից։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում է covid-անվտանգության կանոնների պահպանումը՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից։

Դիտարկվում է երթուղի դուրս եկող հանրային տրանսպորտում ախտահանիչ միջոցների առկայությունը, covid-անվտանգության կանոնների պահպանումը, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկի առկայությունը, նախաուղերթային եւ եզրափակիչ ախտահանումն ու ախտահանման աշխատանքների գրանցումը համապատասխան ձեւաչափի գրանցամատյանում և այլն։

Միաժամանակ դիտարկվում է նաեւ հանրային տրանսպորտի վարորդների՝ բուժզննության ենթարկված լինելը․ ամեն առավոտ՝ մինչ երթուղի դուրս գալը, վարորդները պետք է անցնեն արտաքին բուժզննություն, ջերմաչափում, ինչի արդյունքները պետք է լրացված լինեն համապատասխան գրանցամատյաններում եւ երթուղային ուղեգրերում։

Այսօր վաղ առավոտյան ստուգայցերն ընթացել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երեւան-ավտոբուս» ՓԲ ընկերությունում, որը սպասարկում է մի քանի երթուղային գիծ։

Վերջին օրերի ստուգայցերն արձանագրել են մի շարք խախտումներ, այն է՝ ուղեւորափոխադրող որոշ կազմակերպություններ տրանսպորտային միջոցներին չեն տրամադրում ախտահանիչ նյութեր, վարորդներին չեն ապահովում դիմակներով, չեն կատարում ախտահանումների վերաբերյալ նշումներ գրանցամատյաններում։

Ջերմաչափման մատյաններում եւս կան թերություններ։
Արձանագրված որոշ խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։ Տրվել է նախազգուշացում՝ անհապաղ վերացնելու արձանագրված խնդիրները։ Կնշանակվեն տուգանքներ։

Ստուգայցերը շարունակվում են։ Դրանցում փոխօգնության կարգով ընդգրկված են նաեւ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագիտական խմբերը։