Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    509
    515

  • EUR

    613,5
    629,5

  • RUB

    6,72
    7

Կարևոր իրադարձություններ

Արցախի հավատալիքները. ԿԳՄՍՆ

05 Նոյեմբեր, 2020 23:22
Արցախի հավատալիքները. ԿԳՄՍՆ

Սրբազան ջուր. Արցախում ջուրը սրբազան էր, մեջը թքել չէր կարելի, ինչպես կրակի մեջ: Աղբյուրներին նվիրաբերություններ էին կատարում. նորահարսն առաջին անգամ ջրի գնալիս ցորեն էր զոհաբերում աղբյուրին: Կիրակի օրերը մոմեր էին վառում սուրբ համարվող աղբյուրների մոտ: Իսկ հիվանդները, մոմեր վառելուց բացի, աքաղաղներ էին զոհաբերում և աղոթում՝ առողջանալու ակնկալիքով: Բուժող հայտնի սրբազան աղբյուրերից էին Շոշու գյուղի ձորակի աղբյուրը, Վերին Սզնեքի «Կանաչ խաչը», Հղորդի գյուղի «Մոշ աղբյուրը», որի մոտ ոչ միայն մոշի թփեր կան, այլև մեծ, պաշտվող կաղնի ծառ: Ըստ ավանդության, մարդիկ տեսել են, թե ինչպես է Չանախչի գյուղի «Մեծ աղբյուրի» վրա մի քանի անգամ լույս իջնում:

Սրբազան ծառեր. Արցախում տարածված է նաև ծառերի պաշտամունքը: Բոլոր գյուղերում սրբազան ծառեր կան, որոնց առաջ մոմեր են վառում, աքաղաղ կամ ոչխար են մատաղ անում, տերևներով գուշակություններ անում: Այդ ծառերը և անգամ դրանց ճյուղերը կտրելը մեծ մեղք է համարվում: Մեղանչողն անմիջապես պատժվում է: Ուխտավորները կտորներ են կապում պաշտվող ծառերի ճյուղերին՝ իբրև թողնելով հիվանդությունները կամ խնդրելով կատարել իրենց իղձերը: Սուրբ ծառերից է Սխտորաշենի հսկայական չինարի ծառը, որտեղ Համբարձման տոնին շրջակա գյուղերից ուխտավորներ են գալիս, մոմեր վառում և կաթնապուր են եփում ու բաժանում որպես մատաղ: Վերին Թաղավարդում հայտնի է Բարևածառ (Պըրևածառ) ուխտատեղին, Սարիբեկի երեք թեղի ծառերը, Գյունեյ Ճարտար գյուղի մոտի «Կոհակ» կամ «Յակովիկ» կոչվող ճապկի ծառերը, Հարավ գյուղի «Զրավոր» (Զորավոր) հսկայական կաղնիները: Սղնախ գյուղի կաղնին կոչվում է «Խնձորախաչ»: Ըստ ավանդության՝ նախկինում սա խնձորենի է եղել, բայց մի թուրք ճիպոտով խփել է, որ խնձոր թափի, դրա համար այն անմիջապես վերածվել է կաղնու: Սուրբ ծառի մոտի կամ վրայի հողը ևս բուժող հատկություն կարող է ունենալ. Օրինակ՝ Քերթ գյուղի մոտ կա չորս հսկայական կաղնի, որոնց բնի հողից վերցնում, քսում են դեմքին, որպեսզի մկնատամն անցնի: Ըստ որում, այս սրբատեղին ուխտի օր ունի՝ Ավագ Չորեքշաբթին: Կան ծառեր, որ գորտնուկներ են բուժում, մյուսները՝ հոդացավը, ջերմը, տենդը, ռևմատիզմը, խլությունը, հոգեկան հիվանդությունները և այլն: Սուրբ ծառերը օգնում են մորեխից ազատվել, երբ այդ նպատակով մատաղ են անում դրանց մոտ: Չար աչքից խուսափելու համար կարևոր էր հատկապես բռինչի ծառը: Այն տնկում էին բակում, արտում, պարտեզում: Այս ծառի փայտի մի փոքր կտոր ուղտի բրդի և աչքի ուլունքի հետ միասին կարում էին մի կտորի մեջ և կապում էին երեխայի օրորոցից, կամ ձիու վզից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին