Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    516

  • EUR

    615
    631

  • RUB

    6,8
    7,08

Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ծայրահեղական իսլամիստական նոր խոշոր օջախ է ստեղծում արցախյան ռազմաճակատում, որը վտանգավոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար․ «Փաստ»

03 Նոյեմբեր, 2020 08:07
 Թուրքիան ծայրահեղական իսլամիստական նոր խոշոր օջախ է ստեղծում արցախյան ռազմաճակատում, որը վտանգավոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախում ընթացող պատերազմը ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն է ձեռք բերել։ Թուրքիայի կողմից հակամարտության գոտի են ներկրվում հազարավոր ահաբեկիչ գրոհայիններ, որոնց գումարի դիմաց օգտագործում են Արցախի հայության դեմ մարտական գործողությունների ընթացքում։ Մինչ թուրքական և ադրբեջանական կողմերը (կողմը) շարունակում են հերքել ահաբեկչական խմբավորումների ներկայությունը հակամարտության գոտում, դրա վերաբերյալ նոր փաստեր են ջրի երես դուրս գալիս։ Եթե մինչ այս գրոհայինների կիրառման վերաբերյալ փաստերը հիմնականում ներկայացվում էին մամուլի հրապարակումների տեսքով, իսկ Ալիևը հայտարարում էր, թե մամուլում գրվածները պետք չէ հիմք ընդունել, քանի որ այնտեղ ինչ ասես կարող են գրել, ապա հիմա անձամբ գերի ընկած ահաբեկիչներն են պատմում, թե ինչպես է ստացվել, որ հայտնվել են մարտական գործողությունների գոտում։

Պարզվում է, որ Թուրքիան քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացնում վարձկանների տեղափոխությունը Սիրիայից դեպի Ադրբեջան։ Եվ նրանց մարտական գործողություններում ներգրավելու համար կիրառվում է ոչ միայն ֆինանսական շահագրգռվածությունն, այլև ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսությունը։ Պատահական չէ, որ գերեվարված ահաբեկիչները խոստովանում են, որ թուրքերը «քաֆիրների» (անհավատների) գլուխները կտրելու համար իրենց «պարգևավճար» են խոստացել։ Ստացվում է, որ Ադրբեջան են բերվել այնպիսի զինյալներ, որոնց գործն ուղղակի մարդկանց սպանելն է և ահաբեկչական գործողություններ իրականացնելը։ Նման գործելակերպով Թուրքիան և Ադրբեջանը Արցախյան հակամարտությանը կրոնական շղարշ են հաղորդում և փորձում են իսլամական աշխարհում այն ներկայացնել «անհավատների դեմ պայքարի» շրջանակներում։ Այսպես թուրք-ադրբեջանական տանդեմը ծայրահեղական և իսլամիստական ահաբեկչության նոր խոշոր օջախ է ստեղծում, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից։

Ռուսաստանը և Իրանը մշտապես իրենց անհանգստությունն են արտահայտում հակամարտության գոտում գրոհայինների առկայության հետ կապված, քանի որ այդ ահաբեկչական խմբավորումները շատ հեշտությամբ կարող են ներթափանցել իրենց տարածք և ահաբեկչական գործողություններ իրականացնել ու անկայունության ալիքներ ստեղծել։ Պետք է նկատի ունենալ, որ ահաբեկչական վտանգի նկատմամբ խոցելի կարող են լինել նաև Վրաստանն ու հենց Ադրբեջանը։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ թուրքական կողմը շատ հաճախ հրաժարվում է վճարել վարձկաններին, և նրանք, մնալով տեղում, խնդիր են դառնում առաջին հերթին տեղացիների համար, քանի որ եղել են դեպքեր, երբ նրանք հարձակվել են ադրբեջանական խանութների կամ այլ օբյեկտների վրա և թալանել։ Եվ շատ հավանական է, որ գրոհայինների ակտիվությունը միայն թալանով չավարտվի, նրանք կարող են հաստատվել Ադրբեջանում ու տեղական բնակչության դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնել՝ նրանցից գումար կորզելու կամ գույքին տիրելու նպատակով։

Բացի այդ, զինյալ գրոհայինները շատ հանգիստ կարող են սողոսկել Վրաստան և այնտեղ, օրինակ՝ ահաբեկիչների պատմական հավաքատեղի դարձած Պանկիսի կիրճում ստեղծել իրենց որջերն ու դրանով լուրջ սպառնալիք ստեղծել Վրաստանի և Հյուսիսային Կովկասի անվտանգության համար։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ ահաբեկիչները տարբեր խողովակների միջոցով կարող են հայտնվել նաև այլ տարածաշրջաններում։ Եվ այս առումով հատկապես խոցելի է Եվրոպան, որտեղ մասնավորապես վերջին շրջանում իսլամական ծայրահեղականությունը խնդիր է դարձել մի շարք երկրների՝ հատկապես Ֆրանսիայի համար, երբ ջիհադիստները հարձակումներ են գործում և մարդկանց գլուխներ կտրում։ Այնպես որ, Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկիչների արտահանման միջոցով գլոբալ անվտանգային լուրջ սպառնալիք են ստեղծում, և միջազգային հանրությունն ու տարբեր երկրներ իրենց ջանքերը պետք է համատեղեն այդ սպառնալիքը չեզոքացնելու և պաշտոնական Բաքվին ու Անկարային պատասխանատվության ենթարկելու համար։ Հապաղելն այս հարցում կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին