Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    598
    614

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

13 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով

02 Նոյեմբեր, 2020 18:16
13 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 2-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 331 դեպք, որոնցից 148-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 183-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 66-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ 400 հազար դրամի չափով, 51-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 7-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 13 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին