Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման համար

01 Նոյեմբեր, 2020 18:03
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին որոշում է ստորագրել, որի համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ։

Հաստատվել է դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ 

«Սույն որոշման հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ աշխատանքային խմբում քննարկելու համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից այլ իրավական ակտերի արդիականացման վերաբերյալ:

Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) ապահովել պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների քննարկումը աշխատանքային խմբի կողմից.
2) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ն ամփոփել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները.
3) մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից իրավական ակտերի նախագծերը»:

 

Լրահոս

Դիտել ավելին