Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան մոտ ապագայում օգնություն կտրամադրի ՀՀ առողջապահական համակարգին․ Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

17 Հոկտեմբեր, 2020 19:48
Ֆրանսիան մոտ ապագայում օգնություն կտրամադրի ՀՀ առողջապահական համակարգին․ Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով երկու երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի առողջապահական համակարգում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ համագործակցության ծավալման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում դեսպան Լաքոտն իր զորակցությունն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին և ընդգծել, որ ինչպես երկու պետությունների ղեկավարների, այնպես էլ երկկողմ մակարդակով տարբեր շփումների ընթացքում ֆրանսիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ստեղծված իրավիճակում առկա մարտահրավերների հաղթահարման նպատակով հայկական կողմի հետ համագործակցության ավելի խորացման վերաբերյալ: 

Նախարար Թորոսյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ առողջապահության նախարարության իրականացրած միջոցառումները և ընդգծել, որ նման իրավիճակում կարևոր է նաև միջազգային համագործակցության ակտիվացումը:

Այս համատեքստում նախարար Թորոսյանը խնդրանքով դիմել է  Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու Հայաստանի առողջապահության համակարգին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի կարողությունները՝ նշված դժվարությունները հաղթահարելու համար։

Դեսպան Լաքոտը հաստատել է Ֆրանսիայի կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանին այդ ասպարեզում աջակցելու և շատ մոտ ապագայում կոնկրետ օգնություն տրամադրելու հարցում։

 

Լրահոս

Դիտել ավելին