Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

«Ռոսպոտրեբնադզոր»-ը Հայաստանին կտրամադրի ևս մեկ շարժական լաբորատորիա

17 Հոկտեմբեր, 2020 13:27
Հեղինակ՝ ՀՀ առողջապահության նախարարություն
«Ռոսպոտրեբնադզոր»-ը Հայաստանին կտրամադրի ևս մեկ շարժական լաբորատորիա

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը առողջապահության բնագավառում բազմակողմ օգնության համար` հատկապես շեշտադրելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքները:

Հանդիպման մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից շուտով Հայաստանին կտրամադրվի ևս մեկ շարժական լաբորատորիա»,- ասել է նախարարը և կրկին շնորհակալություն հայտնել աջակցության համար:

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն այն բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը:

«Այնպես է ստացվել, որ այս պահին մեր առողջապահական համակարգն աշխատում է 3 ուղղությամբ. առաջին ուղղություն` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային համավարակ, որն աճի միտում է ցուցաբերում վերջին շրջանում ինչպես մեզ մոտ, այնպես էլ` ողջ աշխարհում: Եվ երրորդ, հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով Արցախի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, Հայաստանի առողջապահական ոլորտը նաև տրամադրում է համապատասխան աջակցություն՝ ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով: Առողջապահական համակարգի 3 ուղղություններով ծանրաբեռնվածությունն, իհարկե, որոշակի դժվարություններ է առաջացնում, բայց մենք կարողանում ենք հաղթահարել»,- նշել է նախարարը:

Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել` շարունակելու և ամրապնդելու առողջապահության ոլորտում համագործակցությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին