Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի համաձայնությանը

11 Հոկտեմբեր, 2020 23:00
ԵՄ-ն կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի համաձայնությանը

Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի վերաբերյալ հոկտեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին ասվում է ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունում։

ԵՄ-ն կողմերին հորդորել է խիստ հավատարիմ մնալ ձեռք բերված համաձայնությանը և կոչ արել բոլոր դերակատարներին, այդ թվում՝ արտաքին կողմերին ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ զոհերի:

«Այս առումով, մենք ծայրաստիճան անհանգստությամբ ստանում ենք հաղորդումներ շարունակվող ռազմական գործողությունների, այդ թվում ՝ ուղղված քաղաքացիական թիրախների դեմ, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին և կողմերին հորդորում ապահովել համաձայնության նկատմամբ լիակատար հարգանք՝ տեղական մակարդակում», - ասված է հայտարարությունում:

ԵՄ-ն կողմերին կոչ է արել առանց հապաղելու վերադառնալ բովանդակային բանակցությունների դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների և համաձայնեցված սկզբունքների հիման վրա:

«ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին`հակամարտությանը բանակցությունների միջոցով քաղաքական լուծում գտնելու հարցում և կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - ասված է հայտարարությունում։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին