Կարևոր իրադարձություններ

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան սպառնալիք է գլոբալ անվտանգությանը. ԱԳ փոխնախարար Ապիտոնյան

06 Հոկտեմբեր, 2020 00:09
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան սպառնալիք է գլոբալ անվտանգությանը. ԱԳ փոխնախարար Ապիտոնյան

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը, սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, իսկ դրա արդյունքը կարող է հանգեցնել տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը՝ հոկտեմբերի 5-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 71-րդ նստաշրջանին և անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Արտակ Ապիտոնյանը նաև նշել է, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ, և շարունակվող ռազմական գործողություններն անմիջական սպառնալիք են ստեղծում Արցախի 150,000 ազգաբնակչության գոյութենական անվտանգության համար։ «Նա ընդգծեց, որ Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիտավորյալ թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները (հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ, հաղորդակցության միջոցներ և այլն)՝ օգտագործելով նաև կասետային մահացու զենք։

Նախարարի տեղակալը հավելեց, որ ադրբեջանական կողմի այս սադրիչ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտում են։

 

Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ նաև Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությանը, որի անմիջական աջակցության արդյունքում Ադրբեջանը ռազմական գործողությունների աշխարհագրությունը տեղափոխել է նաև ՀՀ տարածք՝ մասնավորապես թիրախավորելով Վարդենիսի շրջանի քաղաքացիական բնակչությանը։ Նա նշեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչների՝ Արցախի դեմ վարվող ռազմական գործողություններում ներգրավելու հանգամանքի մասին։ Ապիտոնյանը հավելեց, որ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի նման գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Արտակ Ապիտոնյանը բարձր գնահատեց Բարձր հանձնակատարի՝ լարվածության թուլացմանն ուղղված կոչը և հավելեց, որ, չնայած միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերին, Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են լայնածավալ ռազմական գործողությունները՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով։

ԱԳ նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովրդին միջազգային հրատապ մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից, այդ թվում՝ Արցախի կարգավիճակից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին