Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղը թուրքական արժույթը մոտեցրել է փլուզման. Lenta.ru

29 Սեպտեմբեր, 2020 13:25
Ղարաբաղը թուրքական արժույթը մոտեցրել է փլուզման. Lenta.ru

Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության ֆոնին թուրքական լիրան իջել է պատմական ցածր մակարդակի, գրում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Մոսկվայի ժամանակով ժամը 13:20-ի դրությամբ դոլարը վաճառվում է 7.79 լիրա: Հակամարտության սրումն ամբողջությամբ զրոյացրել է  Թուրքիայի կենտրոնական բանկի ջանքերը, որ անցած շաբաթ երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ այն էլ անմիջապես 8.25-ից հասցնելով 10.25 տոկոսի՝ փորձելով փրկել լիրան, որ անդունդի եզրին էր:

Օգոստոսի սկզբին լիրան հասել էր իր մայիսյան պատմական մինիմումին, եւ այդ ժամանակից ի վեր այն հիմնականում թուլանում էր: Սեպտեմբերի կեսերից անկման տեմպերն ահագնացել են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել էր, որ իջեցվի տոկոսադրույքը՝ համարելով, որ նման քաղաքականությունը կվերագործարկի տնտեսությունը: Լիրայի փոխարժեքը պահպանելու համար նա պահանջել էր վաճառել արտարժույթի պահուստները:

Սակայն արդյունքում տարեսկզբից Թուրքիայի արտարժույթի ակտիվները 74 միլիարդ դոլարից նվազել են 45 միլիարդ դոլար: Moody’s- ի գնահատականներով ՝ 44 միլիարդը առեւտրային բանկերի պահուստներն են, ինչը նշանակում է, որ երկրին գրեթե փող չի մնացել:

Բացի այդ, Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 100 միլիարդ դոլարի, իսկ Թուրքիայի կենտրոնական բանկինը՝ 50 միլիարդի: Այլ կերպ ասած, եթե դրանցով գործարքների ժամկետները չերկարաձգվեն, կարգավորման մեխանիզմը չի կարողանա մարել պարտքերը նույնիսկ իր հաշիվներում արտարժույթի բոլոր պահուստների օգտագործման դեպքում:

Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Թուրքիայի իշխանությունները Ադրբեջանի դաշնակիցն են: Փորձագետները չեն բացառում, որ Անկարան կարող է այս կամ այն կերպ ներգրավվել հակամարտության մեջ:

Թուրքիայի համար իրավիճակը բարդանում է Սաուդյան Արաբիայի ղեկավարության պաշտոնական դիրքորոշման ֆոնին. լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայից եկող բոլոր ապրանքների վրա այն էմբարգո է սահմանել, սպառնում է տուգանքներով թուրքական ընկերությունների հետ առեւտրային համագործակցության համար եւ հետ է պահում բնակչությանը այնտեղ «մեկնելու մտքից»:

 

Լրահոս

Դիտել ավելին