Կարևոր իրադարձություններ

6000 ուսուցչի թեստավորման արդյունքում վարակվածների թիվը 1%-ի սահմանում է. ուղեցույցը կփոխվի, եթե անհրաժեշտություն լինի. ԿԳՄՍ նախարար

16 Սեպտեմբեր, 2020 15:16
6000 ուսուցչի թեստավորման արդյունքում վարակվածների թիվը 1%-ի սահմանում է. ուղեցույցը կփոխվի, եթե անհրաժեշտություն լինի. ԿԳՄՍ նախարար

Դպրոցներում դասերի կազմակերպման ուղեցույցը կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունը լինի, առայժմ չկա: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դեռեւս դիմակներ կրելու հետ կապված լուրջ բողոքներ չի ստացել, շաբաթվա ընթացքում կհետեւեն ընթացքին:

Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ աշխատում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Անդրադառնալով դիմակ կրելու հետ կապված վերջին շրջանում տարածված լուրերին՝ կոչ արեց լրատվամիջոցներին զոհ չգնալ տարաբնույթ ֆեյք էջերում ստեղծվող նյութերին: Շեշտեց, որ դպրոցներում սովորող աշակերտները մեր ու մեր հարազատների, նախարարության աշխատակիցների ընտանիքներում մեծացող երեխաներն են:

«Երեխաներին ձեր քաղաքական օրակարգերի հարց մի´դարձրեք, որովհետեւ այն կարող է վտանգավոր տեղ տանել: Ես չգիտեմ, թե ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգում, կամ առողջապահության նախարարությունը տվել է այնպիսի  ցուցումներ, որն ազդելու է մեր սերունդների առողջության վրա»,- նշեց Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաեւ ուսուցիչների թեստավորմանը: Պնդմանը, թե բազմիցս արձանագրվել է, որ ուսուցիչները պոլիկլինիկաներում, դպրոցներում չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, արձագանքեց, որ նման մեկ-երկու դեպք կա եւ պետք է միջոցներ ձեռնարկեն: Նախապես ասել է, որ ամենեւին չեն ակնկալում, որ առաջին օրվանից 100 տոկոսանոց համապատասխանեցում ենք ունենալու ուղեցույցին, բայց ունենք լավ արդյունք:

Այս ընթացքում արդեն մոտ 6000 ուսուցչի թեստավորման արդյունք է առկա, որից վարակվածների թիվը 1 տոկոսի սահմանում է:

«Սա երկու բանի մասին է փաստում, որ մեր ուսուցիչները շատ գիտակից են եւ պահպանում են կանոնները, ունեն սոցիալական մեծ պատասխանատվություն, երկրորդ, մենք սրա արդյունքում ստիպված չենք լրացուցիչ դժվարություններ կրել եւ փորձել փոխարինել նրանց»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ առաջին փուլը երբ անցնի, կնախաձեռնեն դպրոցներում հետագայում պատահական ստուգումներ՝ շղթաները կտրելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին