Կարևոր իրադարձություններ

Հայաստանը Եվրոպա է, Ռուսաստանը մեր դաշնակիցն է. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը EFE-ին

15 Սեպտեմբեր, 2020 20:49
Հայաստանը Եվրոպա է, Ռուսաստանը մեր դաշնակիցն է. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը EFE-ին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը, որում անդրադարձել է Ռուսաստանի ու Եվրոպական Միության, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին։

«Արմենպրես»-ը ներկայացրել է հարցազրույցի հիման վրա պատրաստված հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։

««Հայաստանը Եվրոպա է, միևույն ժամանակ Ռուսաստանը մեր դաշնակիցն է»,- EFE-ին վստահեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով խոստովանում է, որ այդ հավասարակշռությունը շատ բարդ է ցանկացած երկրի համար, սակայն այն կենսական է Հայաստանի՝ Ադրբեջանին դիմակայող և Թուրքիայի հետ թշնամություն ունեցող երկրի անվտանգությունն ապահովելու համար:

«Ասում են, որ մենք միաժամանակ երկու նժույգ ենք վարում: Ոչ: Մենք վարում ենք մեկ նժույգ՝ Հայաստանի նժույգը»,- վստահեցնում է նախարարը տեսակոնֆերանսի միջոցով տրված հարցազրույցի ընթացքում:

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՄ ՄԻՋԵՎ

Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առանցքն է՝ չկառուցել մի գործընկերոջ հետ հարաբերությունները մյուսի հաշվին, որովհետև այդ «անպատասխանատու» գործունեությունը միայն կավելացնի «անկայունությունը» տարածաշրջանում:

«Մենք շատ կարևոր, դաշնակցային, բազմաթիվ ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,- նշեց նա և հիշատակեց անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը ռազմաբազա ունի կովկասյան այս երկրի տարածքում:

Նախարար Մնացականյանը նաև շեշտեց, որ Երևանն ունի յուրահատուկ հարաբերություններ ԵՄ անդամ մի շարք երկրների հետ՝ Ֆրանսիայից մինչև Հունաստան, իսկ Բրյուսելը նպաստում է ժողովրդավարական արժեքների և իրավական պետության զարգացմանը մի երկրում, որտեղ 2018թ. տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն:

«Եվրոպական միությունը չափազանց կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունը ներառում է առևտրատնտեսական, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտները»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը պնդում է, որ «Հայաստանը Եվրոպայի մաս է» կամ ավելի առանձնահատուկ կերպով ասած՝ «Եվրոպայի արևելյան ճակատը»:

«Ոմանք դա ընկալում են որպես հակասություն: Իհարկե, դա շատ դժվար հավասարակշռություն է: Ինչպե՞ս գտնել այդ հավասարակշռությունը: Սակայն դա մի բան է, որը բխում է Հայաստանի շահերից»,- վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը:

ԲԱԽՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Ադրբեջանի հետ լարվածությունը չի նվազում:

Նախարարը «շատ վտանգավոր» որակեց հուլիսի կեսերին տեղի ունեցածը, երբ երկու երկրների սահմանին՝ Տավուշի մարզում, տեղի ունեցան ռազմական գործողություններ, որոնց ընթացքում զոհվեցին շուրջ 20 զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

«Թիրախավորում էին ոչ միայն մեր դիրքերը, այլև՝ քաղաքացիական բնակչությունը: Չորս օրերի ընթացքում հետ էինք մղում գրոհները և սանձում ագրեսիան»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նախարարը կարծում է, որ գրոհների շարժառիթն  իր բնակչության շրջանում «հակահայկական ոգին» սերմանելու և «ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու»՝ Ադրբեջանի ղեկավարության ցանկությունն է:

«Միգուցե փորձարկում էին մեր զինված ուժերի պաշտպանությունն այդ դիրքերում: Մենք շահագրգիռ չենք, որ լինի ռազմական էսկալացիա»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Այս առնչությամբ Մնացականյանը հավաստիացնում է, որ Հայաստանի կառավարությունը միշտ «շատ հստակ» է եղել:

«Չկա խնդրի ռազմական լուծում: Ռազմական լուծման տարբերակը նշանակում է բախում և պատերազմ տարածաշրջանում, տոտալ ապակայունություն: Եվ դա տարբերակ չէ»,- վստահեցնում է Զոհրաբ Մնացականյանը և ընդգծում, որ  ինչպես Հայաստանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը ունեն «բավարար կարողություն» պաշտպանվելու:

«Համավարակի ընթացքում բոլորս, նաև՝ Լեռնային Ղարաբաղը, պահպանել ենք հրադադարը: Ադրբեջանը չարեց դա: Հայաստանը շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը: Հայաստանն ունի պաշտպանվելու և Ադրբեջանին հակադարձելու բավարար կարողություններ»,- վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994թ.–ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին:

«Սակայն Բաքուն միշտ խուսափում է դրանից: Լավ կանեին՝ ընդունեին այն: Հիմա առաջնայինը լարվածության թուլացումն է: Այն ամենակարևորն է»,- ընդգծեց նախարարը:

Նա նաև քննադատեց Ադրբեջանի դիրքորոշումը, որը կարծես թե Հայաստանին է «լավություն» անում` ռազմական գործողություններ չվերսկսելով:  «Եվ որ այդ պատճառով մենք պետք է զիջումների գնանք բանակցություններում: Հակառակ դեպքում՝ պատերազմ կլինի: Մենք մերժել ենք այդ դիրքորոշումը: Մենք չենք բանակցի  որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո»,-ասաց նա: Բայց նաև կարծիք հայտնեց, որ խաղաղ բանակցությունների վերսկսումը ոչ միայն «հնարավոր» է, այլև՝ «անհրաժեշտ»:

«Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակելու դրանք հնարավորինս շուտ»,- ասաց նա և հիշեցրեց, որ վերջին շփումը եղել է հունվար ամսին, իսկ այնուհետև գործընթացն ընդհատվել է COVID19-ի պատճառով:

Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը պնդում է, որ պետք է լինի «լուծում»՝ «ընդունելի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ժողովուրդների համար: «Չի կարող լինել լուծման այնպիսի տարբերակ, որը կլինի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հաշվին»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Վերոնշյալի առնչությամբ Հայաստանն ունի երկու առաջնայնություն՝ Լեռնային Ղարաբաղի՝ «առանց սահմանափակումների» ինքնորոշման իրավունքի ճանաչում և անվտանգության համաձայնագրեր, որոնք կկանխարգելեն ռազմական գործողությունների վերսկսումը:

«Մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և էքզիստենցիալ անվտանգությունն է: Բայց անվտանգությունը մի հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ մեկ այլ հարց»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը: Եվ պաշտպանեց խաղաղ գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը, քանի որ նրանք իրենց ժողովրդից մանդատ են ստացել բանակցելու համար:

Մանրամասները՝  սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին