Կարևոր իրադարձություններ

Այն, ինչ ներկայացվել է, ծաղկաքաղ են արել. Ռոբերտ Քոչարյան

15 Սեպտեմբեր, 2020 17:25
Այն, ինչ ներկայացվել է, ծաղկաքաղ են արել. Ռոբերտ Քոչարյան

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ իր վերաբերյալ դատարան ուղարկված քրեական գործը ծաղկաքաղի արդյունքում ձեւավորված գործ է:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստին միանալով իր պաշտպանների միջնորդությանը՝ այս մասին հայտարարեց ինքը՝ Քոչարյանը:

Պաշտպանները միջնորդել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջել եւ իրենց տրամադրել Մարտի 1-ի՝ նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը՝ պնդումով, որ քննիչը դատարան է ուղարկել միայն մեղադրանքը հիմնավորող ապացույցները, իսկ հերքող ապացույցները չի ուղարկել:

Անդրադառնալով այս հանգամանքին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Այն խորհրդակցությունը, որը ես արել եմ փետրվրաի 23-ին Նախագահականում, հետեւանք էր ԵԿՄ-ում գործընթացների, դա էր քննարկվում, բայց այս քրեական գործում մեկ փաստաթուղթ չկա այն մասին, թե ԵԿՄ-ում ինչ էր կատարվում, հետեւանքի մասին կա, բայց թե ինչի համար է այդ խորհրդակցությունը եղել, դրա նյութը չկա, հիմա մենք ո՞նց հավատանք, որ այդպիսի նյութեր ընդհանրապես չեն եղել»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ եթե չի սխալվում, գործի 80 հատորի մեջ առկա է ԱԱԾ-ից ընդամենը 3 նամակ եւ հարց բարձրացրեց՝ արդյո՞ք հավատալի է, որ  այդպիսի իրադարձությունների դեպքում ԱԱԾ-ում կարող է լինել զրոյական փաստաթուղթ. «Նամակներից մեկը հետեւյալն է. փետրվարի 24, ասում են, որ կա որոշում քրեական գործ հարուցելու մասին սահմանադրական կարգը տապալելու հետ կապված, եւ կա նամակ, որ մարտի 2-ին այդ գործը փոխանցվում է Դատախազությանը՝ 3 հատոր, մոտ 350 էջ. չկան, մենք այդ հատորներին ծանոթ չենք, հիմա փետրվարի 24-ից մինչ մարտի 1 որոշակի գործընթացներ են կատարվել»:

Ըստ Քոչարյանի՝ շատ են այդպիսի փաստարկները, երբ նույն իրադարձության շուրջ մեկը հարցաքննվել է, եւ նրա հարցաքննությունը ներառել են դատարան ուղարկված գործում, իսկ նրա հետ եղած եւ հարցաքննված մեկ այլ անձինը՝ ոչ. «Այն, ինչ ներկայացվել է, ծաղկաքաղ են արել, իրենց ուզած ձեւով ներկայացրել, ծաղկաքաղի արդյունքում ձեւաքվորված քրեական գործ է»,- ասաց Քոչարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին