Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային հերոսի կոչում ստացած վաստակաշատ բժշկի հետ

03 Սեպտեմբեր, 2020 13:52
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային հերոսի կոչում ստացած վաստակաշատ բժշկի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել օրերս Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչմանն արժանացած և Հայրենիքի շքանշանով պարգևատրված վաստակաշատ բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ:

Խորհրդանշական համարելով, որ Հրայր Հովակիմյանն առաջին բժիշկն է, որն արժանանում է Ազգային հերոսի կոչման՝ նախագահ Սարգսյանը շնորհավորել է մեծահամբավ բժշկին և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահը բարձր է գնահատել Հրայր Հովակիմյանի մատուցած ծառայությունները հայրենիքին ու ժողովրդին և նրա՝ որպես սրտային վիրաբույժի մասնագիտական-մարդասիրական նվիրյալ աշխատանքը, որի արդյունքում փրկվել են բազմաթիվ կյանքեր:

Հանրապետության նախագահը հիշարժան է համարել շուրջ երեք տասնամյակ առաջ Հրայր Հովակիմյանի գալուստը Հայաստան. նրա մասնակցությամբ 1993թ. Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքի, իսկ 1996թ.՝ մեծահասակների սրտային վիրաբուժության բաժանմունքի բացումը: Հայաստանում բժիշկ Հովակիմյանի գործունեության շնորհիվ երկրորդ կյանք են ստացել բազմաթիվ երեխաներ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հրայր Հովակիմյանին շնորհված Հայաստանի Ազգային հերոսի կոչումը նաև այդ երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեր մեծ հայրենակցին:

Տաղանդաշատ բժիշկն ասել է, որ այսօր իր հիմնական նպատակն է գիտելիքների ու փորձի փոխանցումը երիտասարդ սերնդին, որպեսզի երիտասարդ, կիրթ, հմուտ մասնագետների շնորհիվ ապահովվեն բաժանմունքի շարունակական զարգացումն ու հաջողությունները:

Մեր հայրենակիցների և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնելով բժիշկ Հովակիմյանին հայրենանվեր գործունեության ու մարդասիրության համար՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա Երևանում հանդիպել նրան և հանձնել հայրենիքի բարձրագույն պարգևը: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին