Կարևոր իրադարձություններ

Լսում էինք կրակոցների, լուսաձայնային նռնակների ձայները․ Մինսկից վերադարձած ԱԺ պատգամավորը ընտրական պրոցեսներից և հետընտրական գործընթացներից մանրամասներ է հայտնում

11 Օգոստոս, 2020 16:24
Լսում էինք կրակոցների, լուսաձայնային նռնակների ձայները․ Մինսկից վերադարձած ԱԺ պատգամավորը ընտրական պրոցեսներից և հետընտրական գործընթացներից մանրամասներ է հայտնում

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդել են քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիաները։ Այսօր տեղի ոստիկանությունը հայտնել է մեկ զոհի մասին։ 

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը դիտորդական առաքելությամբ գտնվել է Բելառուսում։ Shabat.am-ը պատգամավորի հետ զրուցել է Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների և հետընտրական իրավիճակի վերաբերյալ։

-Պարո՛ն Եղիազարյան, Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ինչպե՞ս կգնահատեք։ Ի՞նչ խախտումներ են արձանագրվել Ձեր դիտորդական առաքելության ժամանակ։

-Որպես այդպիսին, այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ըստ իրենց օրենսդրության որևէ ազդեցություն ունենալ պրոցեսի վրա՝ մենք չնկատեցինք։ Չնայած՝  կային շատ դրվագներ, որոնք մեզ համար անհասկանալի և անընդունելի էին մեր տեսանկյունից, թե ինչպես էին մեզ մոտ ընտրություններն իրականացվում, սակայն, այդ ամենն իրենց օրենսդրությամբ ընդունված էր և որևէ խախտում չէր կարող դիտարկվել։ Դրանք այն էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) միասնական ստանդարտ չուներ՝ թե՛ քվեատուփերի, թե՛ տեղամասեր, թե՛ քվեախցիկների համար։ Օրինակ՝ ցանկացած տեղամասում  հանձնաժողովի կազմը, հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ ինքն էր որոշում՝ ինչպիսին պետք է լինի քվեախցիկը, քվեատուփը։ Մի տեղում թափանցիկ քվեատուփեր էին, որոնք նույնպես անընդունելի են, նույնիսկ քվեարկությունը կատարած թերթիկում պարզ երևում էր, թե ինչ քվերակություն է կատարվել։ Տեղեր կային՝ փայտա տուփեր էին։ Դա մեր օրենսդրության տեսանկյունից խախտում է  համարվում, իրենց մոտ դա նորմալ է, և իրենց Սահմանադրությամբ ու Ընտրական օրենսգրքի դրանք թույլատրվում էին։

Օրինակ՝ չկար սահմանված հեռավորությունը ընտրատեղամասերից։ Անմիջապես տեղամասի կողքին՝ տարբեր տեղամասերում, տոնական միջավայր էր։ Մի տեղում՝ համերգ էր կազմակերպված, մյուս տեղում՝ քաղցրավենիքով սեղանիկներ էին դրված, մարդիկ ընտրություններից առաջ կամ հետո կարող էին ժամանակ անցկացնել, նույնիսկ մանղալով խորոված էր դրած։ Այսինքն այս ամենը կատարվում էր տեղամասի մոտ 1-2 մետր հեռավորության վրա, որն անընդունելի է մեր տեսանկյունից, իսկ իրենց օրենսդրությամբ՝  օրենքի սահմաններում էին։ Իրենց մոտ ծրարներ չկային, քվեաթերթիկները բաց էին, շատ դեպքերում տարբեր ձևերով էին ծալում քվեաթերթիկները, անգամ բաց ձևով նետում էին քվեատուփի մեջ, որը նույնպես արգելք չէ իրենց օրենսդրությամբ։

Այսինքն, մեր առաքելությունը կայանում էր նրանում, որ մենք տեսնեինք՝ արդյո՞ք պրոցեսը իրականացվում է իրենց Սահմանադրության և օրենսդրության համաձայն, որը մենք իրականացրել ենք։ Սա մեր սուբյեկտիվ կարծիքն է, որը մենք համեմատում ենք մեր ընտրությունների հետ։ Այս առումով իրենք շատ տեղ ունեն՝ զարգանալու, սովորելու, ինչու չէ հենց մեզնից։ Մենք մեր փորձով իրենց հետ կիսվում էինք, ասում էինք, որ տվյալ պարագայում, եթե չկան որոշակի սահմափակման մեխանիզմենր՝  կարող են լինել խախումներ։ Իրենք ասացին, որ հետագայում միգուցե քննարկեն և օգտագործեն այդ մեխանիզմները , որոնք մենք էինք ասում։ Իրենց մոտ մատնահետք չկար։ Ցուցակները նախօրոք հրապարկված  չէին տեղամասերի պատերին, որը ևս իրենց օրենսդրությունը չի նախատեսում։ Մեր դիտորդական առաքելության  ժամանակ, որտեղ մենք շրջել և տեսել ենք ամեն ինչ կարգին էր։

-Հետընտրական Բելառուսում իրավիճակը բավականին թեժ է՝ բողոքի ակցիաներ են իրականացվում,  այսօր հայտնեցին նաև զոհի մասին։ Ի՞նչ էր կատարվում այնտեղ ընտրություններից հետո։

-Ընտրության օրը՝ առավոտյան արդեն կապը ընդհանրապես անջատվեց։ Մի պահ նույնիսկ ռոումինգ չունեինք, իսկ ինտերնետ ընդհանրապես չկար, բոլոր վայրերում անջատված էր։ Այսինքն, մենք կտրված էինք այլ տեղերից ինֆորմացիա ստանալու հնարավորությունից։

Երեկոյան մենք վերադարձանք և հյուրանոցում էինք արդեն, երբ փողոցներում պրոցեսները սկսվել էին և կուտակումներ էին լինում։ Այնպես էր ստացվել, որ մենք տեղակայված էինք Մինսկի «Մինսկ» հյուրանոցում, որը հենց քաղաքի կենտրոնում է, և հենց իմ պատուհանի դիմաց մենք տեսնում էինք ոստիկանական զորքերի, այլ ուժայինների կուտակումները։ Մենք համազգեստով էինք կարողանում հասկանալ, որ տարբեր խմբեր են։

 Երեկոյան, երբ արդեն սկսվեց տեղաշարժը մենք զգում էինք, որ խմբեր են գալիս, տեխնիկաներ՝ ջրցան, այլ մեքենաներ, բայց բախումների ականատես որպես այդպիսին չենք եղել, քանի որ պրոցեսը, երբ ակտիվացավ այդտեղի ամբողջ ուժային կառույցների զորքերն առաջ գնացին և հարյուրավոր մետրեր այն կողմ էր ինչ որ բան կատարվում, որը մենք հնարավորություն չունեցանք տեսնելու, բայց լսում էինք կրակոցների, լուսաձայնային նռնակների ձայները։ Տեսանք նաև մեքենաներ, որոնք մարդկանց բերման էին ենթարկում, բայց թե ինչ էր այնտեղ տեղի ունենում՝ չգիտեինք։

-Պարո՛ն Եղիազարյան, ԱՄՆ  Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջիմ Ռիշը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հորդորել է հրաժարական տալ։ Ձեր կարծիքով պե՞տք է Լուկաշենկոն հրաժարական տա։ Քաղաքացիներն բողոքում են, որ ընտրակեղծիքների միջոցով է նա նախագահ դարձել։

-Հստակ ինչ-որ դիրքորոշում այս պահի դրությամբ դեռ շուտ է ասել, քանի որ ես իմ տեսածով կարող եմ ասել՝ եղել է բռնություն, այսօր էլ իմացանք զոհի մասին։ Անպայման պետք է լինի քննություն, պետք է հիմնավորվի, եթե եղել են ընտրակեղծիքներ, ապօրինի գործընթացներ։ Այն, որ բախումներ, դժգոհություններ են եղել՝ դա փաստ է,  և դա պետք է ուսումնասիրվի, բայց կարող եմ նաև հակառակն ասել, որ ընտրության հաջորդ օրը գործընկերոջս հետ դուրս եմ եկել Մինսկ, զբոսնել ենք բավականին երկար, մարդիկ բնականոն հունով աշխատում էին։ Այսինքն, նշույլ անգամ չկար, որ Մինսկում գիշերը ինչ-որ պրոցեսներ են եղել։ Այսինքն ասել, որ համատարած ընդվզումներ են՝ ես կխուսափեմ, բայց կա ընդդիմադիր թև, որը բողոքում է և պետք է նրանց հետ հաշվի նստել ու հասկանալ ՝ ինչումն է բողոքը, արդյո՞ք համաչափ ուժ է կիրառվել։ Ընտրության արդյունքները կեղծված լինելու մեղադրանքները պետք է քննվեն, պետք է ապացուցվի։  

Մարիամ Մելքումյան

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին