Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    563,5
    575,5

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Oրենքները պետք է լինեն հավասարակշռված և հաշվի առնեն հասարակության շահերը. ՀՀ նախագահի աշխատակազմ

31 Հուլիս, 2020 17:39
Oրենքները պետք է լինեն հավասարակշռված և հաշվի առնեն հասարակության շահերը. ՀՀ նախագահի աշխատակազմ

Oրենքները պետք է լինեն հավասարակշռված եւ հաշվի առնեն հասարակության շահերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը:

Հաղորդագրությանմեջ ասվում է. «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների մասին

«Վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. հուլիսի 13-ին:

Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները եւ դրանց հնարավոր ազդեցությունը հանրային կյանքի եւ գործարար միջավայրի վրա, ինչպես նաեւ Օրենքների վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության եւ հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները եւ համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին:

Հանրապետության նախագահին տրամադրվել է նաեւ տեղեկատվություն հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների, Օրենքների մշակման առաջարկությամբ հանդես եկած՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» դիրքորոշման, Օրենքների ընդունման վերաբերյալ Կառավարության եւ Ազգային ժողովի հիմնավորումների մասին: Հանրապետության նախագահը կարեւորում է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների կարգավորումը:

Կատարված վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Օրենքներով սահմանվում են ոչ համալիր կարգավորումներ, առկա են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում բնական պաշարների ողջամիտ շահագործման եւ բնակչության իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից:

Հանրապետության նախագահը կարեւորում է նաեւ Օրենքների բարեխիղճ եւ բարձր պատասխանատվությամբ կիրառումը:

Հակառակ դեպքում կարող են դրսեւորվել անձանց սեփականության իրավունքի եւ սոցիալական արդարության սկզբունքի խախտումներ, անդառնալի վնաս հասցվել մշակութային եւ ճարտարապետական ժառանգությանը, շրջակա միջավայրին եւ հանրային առողջությանը:

Օրենքների կիրառման ընթացքում պետք է հետեւողականորեն ապահովվի անձանց եւ կազմակերպությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Պետք է սահմանվեն խախտված իրավունքների համար համարժեք եւ արդարացի փոխհատուցման արդյունավետ կառուցակարգեր:

Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի Օրենքներն իր առարկություններով եւ առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու լիազորություն: Նման հնարավորության դեպքում, հանգամանալից եւ բազմակողմանի քննարկումների միջոցով հնարավոր կլիներ ընդունել առավել հավասարակշռված եւ հասարակության բոլոր խմբերի շահերը հաշվի առնող Օրենքներ, առաջարկել լուծումներ, որոնք կկարգավորեին ոլորտում առկա խնդիրները՝ միաժամանակ, ապահովելով այլ անձանց իրավունքների իրացման եւ պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր եւ ընթացակարգեր:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների եւ իրավաբանների կարծիքների վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ Օրենքներն առերեւույթ սահմանադրականության խնդիր չունեն:

Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքները:

Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետեւելու է դրանց կիրառմանը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին