Կարևոր իրադարձություններ

Ինքնաձիգներ, ատրճանականեր․ մի շարք քաղաքացնիներ հանձնել են ապօրինի զենք-զինամթերքը (տեսանյութ)

30 Հուլիս, 2020 23:41
Ինքնաձիգներ, ատրճանականեր․ մի շարք քաղաքացնիներ հանձնել են ապօրինի զենք-զինամթերքը (տեսանյութ)

Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մի տղամարդ զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ Մասիսից Նորամարգ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում՝ քանդված կամրջի մոտ, հրազեն է թողնում։ Այդ վայրում Մասիսի ոստիկանները հայտնաբերեցին գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով»՝ 7,62 մմ տրամաչափի 5 փամփուշտով լիցքավորված պահունակով: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Արտաշատում բնակվող 63-ամյա մի տղամարդ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով» ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ եղբորը։

Հրազդան քաղաքում բնակվող 61-ամյա մի տղամարդ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային արտադրության ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ, 5,45 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ, նռնակի պայթուցիչ և այլն: Նա հայտնել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։ Հրազդանի մի բնակիչ էլ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է տարիներ առաջ ձեռք բերած թմբուկավոր ատրճանակը, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, պայթուցիկ նյութ ու ճայթիչ։

Սիսիան համայնքի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի և հրազենների 830 հատ փամփուշտ, պայթուցիչներով նռնակներ՝ հայտնելով, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Լոռու մարզի բնակիչներից մեկը բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի որսորդական հրացան։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի կայարանի մոտ հայտնաբերել են առանց գործարանային համարի հրազեն, փամփուշտներ, պայթուցիչով նռնակ և այլն, որոնք թողել էր մի քաղաքացի և զանգել ոստիկանություն։

Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արագածոտնի մարզի բնակիչներից մեկը Ապարանի բաժնում կամավոր հանձնել է ապօրինի պահվող թմբուկավար ատրճանակ, «ՏՕԶ» տիպի հրազեն ու փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Կանիաշիր գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Արագածի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ձեռքի նռնականետի արկ, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ`հայտնելով, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։

Մայրաքաղաքի մի բնակիչ էլ ոստիկանության Էրեբենու բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակներ ու ինքնաձիգի փամփուշտներ։

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող մի երիտասարդ բաժնում կամավոր հանձնել է «Մակարով» ատրճանակ ու փամփուշտներ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին