Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    569,5
    581,5

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

Փաստական տվյալները վկայում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու մասին. հարուցվել է 13 քրեական գործ. ՀՀ դատախազություն

16 Հուլիս, 2020 19:45
Փաստական տվյալները վկայում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու մասին. հարուցվել է 13 քրեական գործ. ՀՀ դատախազություն

2020թ. հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից  կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։ 

Խաղաղ բնակչությանը՝ ՀՀ քաղաքացիներին սպանելու դիտավորությամբ կատարված կրակոցների, արկերի պայթյունների արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են հասցվել այդ բնակավայրերի խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անշարժ և շարժական գույքերին, բնակավայրերում տեղակայված քաղաքացիական և արտադրական նշանակության օբյեկտներին:

Մասնավորապես՝ նշված գործողությունների արդյունքում տարբեր աստիճանների վնասներ են հասցվել՝       

1․ Այգեպար բնակավայրում՝ 9 առանձնատան, բնակչի պատկանող և քաղաքացիական օգտագործման «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, բնակավայրում գործող կոնյակի գործարանին, ինչպես նաև Ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետին, որի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պահակակետում ծառայություն իրականացնող Ոստիկանության ՊՊԳՎ վարչության Տավուշի բաժանմունքի 2 ոստիկան, 

2․ Չինարի բնակավայրում՝ 4 առանձնատան, բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ԳԱԶ 53» մակնիշի 1 ավտոմեքենային,

3․ Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրում՝ 6 առանձնատան,

4. Բերդ քաղաքում՝ գործող կոնյակի գործարանին,

5. Նորաշեն բնակավայրում՝ բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ՈւԱԶ» մակնիշի մեկ ավտոմեքենային,

6. Տավուշ բնակավայրում՝ մեկ գերեզմանի շիրմաքարին և հենապատերին:  

Նշված հանցավոր գործողությունների արդյունքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել միայն այն պատճառով, որ բնակիչները, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների աշխատակիցները, հասցրել են պատսպարվել ապաստարաններում, թաքստոցներում կամ այլ վայրերում:

Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է 13 քրեական գործ՝ որոնցից՝ 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Քրեական գործերն ընդունվել են վարույթ:

Իրականացվող նախաքննության շրջանակներում կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերը և քաղաքացիական օբյեկտները Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են միտումնավոր՝ ազգային ատելության շարժառիթներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար խաղաղ բնակիչներին կյանքից զրկելու և գույքը ոչնչացնելու նապատակներով:

Ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի նաև ՀՀ ԶՈւ զինծառայողների և ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունների դեպքերի և դրանց քրեաիրավական ընթացքների վերաբերյալ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին