Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք կիրառվող սահմանափակումները կարող են լինել առանց արտակարգ դրության ռեժիմի․ Fip.am

11 Հուլիս, 2020 15:25
Արդյո՞ք կիրառվող սահմանափակումները կարող են լինել առանց արտակարգ դրության ռեժիմի․ Fip.am

«Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է․ 

«Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հուլիսի 7-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն Հայաստանում չկա:

«Այսօր արտակարգ դրության մեջ չկա էլեմենտ, որը հնարավոր չէ անել առանց արտակարգ դրության ռեժիմի: Պարետ անունը ձևական է: Տեսնում եք, որ վերջին մի ամսում պարետն անգամ հրամաններ չի արձակում, պարետ չկա: Արտակարգ դրության մեջ միակ բանը, որ աղ ունի, հասկանում ես, որ էական է նրանց համար, իհարկե, քաղաքական հավաքների սահմանափակումն է»,- ասել է Բագրատյանը:

Նախ նշենք, որ վերջին մեկ ամսում, ի հեճուկս Բագրատյանի պնդումների, պարետը կայացրել է շուրջ 65 որոշում (օրական միջինում 2 որոշումից ավել): Սակայն քանի որ վերջին շրջանում շատ է քննարկվում կառավարության կողմից արտակարգ դրության ռեժիմի չարաշահման հարցը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք գործող սահմանափակումները հնարավոր է կիրառել նաև արտակարգ դրության ռեժիմից դուրս։  

Ի՞նչ միջոցառումներ է նախատեսում օրենքն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվել է մարտի 16-ին՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի բռնկմամբ: Հուլիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ անգամ:

Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է:

Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ընդունվում են իրավունքների և ազատությունների սահմանափակումներ, որոնք կրում են ժամանակավոր բնույթ: 

Մասնավորապես, սահմանափակվում են անձանց ազատ տեղաշարժի, հավաքների, անձնական անձեռնմխելիության ու սեփականության իրավունքները, ինչպես նաև հատուկ պայմաններ են կիրառվում մի շարք հաստատություններում:  

Հատկանշական է, որ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո պարետի պաշտոնն այլևս չի գործելու, և նրա ընդունած որոշումներն իրավական ուժ չեն ունենալու:

Ներկայացնում ենք գործող մի քանի սահմանափակումներ, որոնք հնարավոր չէ իրականացնել սովորական պայմաններում՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու:

Ազատ տեղաշարժի իրավունք. Թեև մայիսի 4-ից ազատ տեղաշարժման խիստ սահմանափակումները հանվեցին, դեռևս կան որոշակի վերապահումներ:

Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստան արգելվել է, և այդ արգելքը դեռ ուժի մեջ է:

Բացի այդ, պարետի 81-րդ որոշմամբ արտերկրից ժամանած բոլոր քաղաքացիները, ինչպես նաև վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների նկատմամբ ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում: Նրանք առնվազն 14 օր չպետք է լքեն ինքնամեկուսացման վայրը (ըստ այդմ՝ սահմանափակված է նրանց ազատ տեղաշարժման իրավունքը):

Դիմակների կրում. Պաշտպանիչ դիմակների կրումը պարտադիր դարձավ հունիսից 3-ից պարետի 63-րդ որոշմամբ: Ըստ դրա՝ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։

Նույն որոշման 6.1 կետի համաձայն՝ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի առկայությունը: 

Սահմանափակումներ որոշ հաստատություններում. Արտակարգ դրության պայմաններում Քրեակատարողական հիմնարկներում և Զինված ուժերում արգելվել են տեսակցությունները:

Կոնտակտավորներին հայտնաբերում են էլեկտրոնային եղանակով. Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման համաձայն՝ կիրառվում են նաև անձանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներ:

Ըստ այդմ՝ ներկայում ինքնամեկուսացում կիրառելու նպատակով անձանց հայտնաբերում են նաև էլեկտրոնային եղանակով: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պարետատանն են տրամադրում հաճախորդների գտնվելու մասին և նրա հեռախոսահամարի հետ որոշակի ժամանակահատվածում կապ ունեցած հեռախոսահամարներ, հաճախորդների տվյալներ և այլն:

Վերոնշյալ սահմանափակումները, այսպիսով, չեն կարող լինել արտակարգ դրության բացակայության պայմաններում: Թեև դրանց մի մասը կարող է ընդունվել օրենքով, սակայն Ազգային ժողովը չի կարող գործել այն օպերատիվությամբ, ինչ պարետը: Երբ ամեն անգամ անհրաժեշտություն է առաջանում փոփոխել որոշ սահմանափակումներ կամ արգելել հակահամաճարակային կանոնները խախտողների գործունեությունը, արգելել կամ թույլատրել տնտեսական գործունեության որոշ տեսակներ կամ արգելել էպիդեմիայի բռնկում ունեցած համայնքների ելումուտը, գործնականում անհնար է դա անել խորհրդարանի կողմից օրենքի ընդունմամբ:

Արտակարգ ու ռազմական դրությունները Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված միակ ժամանակաշրջաններն են, երբ որոշ իրավունքներ կարող են սահմանափակվել ոչ թե օրենքով (ինչը ավելի դանդաղ ու երկարատև է), այլ օպերատիվորեն՝ կառավարության և պարետի որոշումներով:

Այսպիսով, Հրանտ Բագրատյանի և այլ անձանց պնդումները, թե արտակարգ դրության պայմաններում իրականացվող միջոցառումները հնարավոր է իրականացնել այդ ռեժիմից դուրս, սխալ են, քանի որ դիմակների պարտադիր կրումը, ազատ տեղաշարժման սահմանափակումը և այլ միջոցառումներ գործնականում հնարավոր չի լինի իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին