Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Ինչ բարեփոխումներ և ինչ ծրագրեր է իրականացրել Ոստիկանությունը վերջին 2 տարում. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

10 Հուլիս, 2020 12:31
Ինչ բարեփոխումներ և ինչ ծրագրեր է իրականացրել Ոստիկանությունը վերջին 2 տարում. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

Shabat.am-ը ուսումնասիրությունների շարք է սկսում՝ ներկայացնելով ՀՀ պետական կառույցներում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արված բարեփոխումները, բացթողումներն ու անելիքները:Գերատեսչությունների աշխատանքի որակը գնահատում ենք՝ հիմք ընդունելով լրատվամիջոցի կողմից ուղարկված հարցմանը պատասխանելու ժամկետները, բովանդակությունն, ինչպես նաև մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիների բողոքները:

Ցավոք, որ որոշ պետական հաստատություններ անգամ հարցմանը պատասխանելու պարզ գործողության ընթացքում էին թերանում, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կարող է բախվել հասարակ քաղաքացին, եթե գործը հասնի այդ ինստիտուտների հետ աշխատելուն:

Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ կային նաև գերատեսչություններ, որոնք հստակ կետերով պատասխանել են մեր հարցմանը:

Այս անգամ անդրադառնում ենք ՀՀ ոստիկանությանը:

Հեղափոխությունից հետո մեր խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել՝ այս կամ այն գերատեսչության աշխատանքների հետ կապված խնդիրներով: Նրանց շրջանում փոքրիկ հարցում ենք իրականացրել, թե հատկապես որ կառույցների աշխատանքից են գոհ, որոնցից՝ հակառակը: 70%-ից ավելին ՀՀ ոստիկանության աշխատանքը դրական է գնահատել:

Ստորև ամփոփ ներկայացնում ենք Ոստիկանությունում վերջին երկու տարում կատարված աշխատանքները, որից հետո էլ գերատեսչության կողմից տրամադրված ամբողջական մանրամասն տեղեկատվությունը:

 

• 2020թ.-ի հունվարից ներդրվել է տուգանային միավորների համակարգը, որի արդյունքում նախորդ տարվա համեմատ նվազել է ՃՏՊ-ների և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը:

• Իրականացվել են համակարգի կառուցվածքի և հաստիքացանկի օպտիմալացմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ:

• 2020 թվականի մայիսից ներդրվել է օպերլիազորների, հետաքննիչների, համայնքային ոստիկանների և այլ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համակարգը:

• 2020 թվականի մայիսից ամբողջությամբ ապահովվելու է ոստիկանության զորքերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների բնակվարձերի փոխհատուցումը:

• Տեսաձայնագրող տեխնիկական միջոցներով արդեն իսկ կահավորվել են Ոստիկանության 10, իսկ տեսագրող տեխնիկական միջոցներով՝ 11 ստորաբաժանումներ:

• Ոստիկանության կողմից մշակվել և վարչապետի աշխատակազմին են ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագծեր:

• Կանոնակարգվել է տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացը:

• Հստակեցվել և արդիականացվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը:

 

1. 2020 թվականի հունվարի 1-ից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի որոշ իրավախախտումների համար ներդրվել է տուգանային միավորների համակարգը, որի նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Հաշվի առնելով ճանապարհային երթևեկության ոլորտում առկա անվտանգության ռիսկերն ու վարչական իրավախախտումների աճի դինամիկան՝ տուգանային միավորներ են նախատեսվել առավել բարձր հանրային վնասակարության աստիճան ունեցող իրավախախտումների համար, որոնք զոհերով և վիրավորներով ՃՏՊ-ների առաջացման պատճառ և նպաստող պայման են հանդիսանում: Համակարգի կիրառման արդյունքում 2020 թվականի 5 ամիսների ընթացքում տուգանային միավոր նախատեսող վարչական իրավախախտման գործերով կայացվել է 129195 որոշում, 778 անձի նկատմամբ կիրառվել է 9 և ավելի տուգանային միավոր, 71 անձի նկատմամբ կայացվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում, որոնցից 40-ի նկատմամբ որոշումներն արդեն սահմանված կարգով մտել են ուժի մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ տուգանային միավորների համակարգը դեռևս գործում է միայն տեխնիկական միջոցներով (արագաչափեր և տեսախցիկներ) արձանագրված իրավախախտումների դեպքում, արդեն իսկ տեսանելի են որոշ դրական արդյունքներ։

Այսպես՝ 2020 թվականի 5 ամիսների ընթացքում վիճակագրական հաշվառման է վերցվել 1405 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 102 զոհ, 2100 վիրավորով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 261-ով կամ 15․7 %-ով, զոհերի թիվը՝ 20-ով, վիրավորների թիվը՝ 317-ով: Նշված պատահարներից 570-ը կամ 40 %-ը տեղի են ունեցել Երևան քաղաքում, զոհվել է 22, վիրավորվել` 770 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 217-ով կամ 27․6 %-ով, զոհերի թիվը՝ 14-ով, վիրավորների թիվը՝ 261-ով: Պատահարներից 835-ը կամ 60 %-ը տեղի են ունեցել մարզերում, զոհվել է 80, վիրավորվել` 1330 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 44-ով կամ 5%-ով, զոհերի թիվը՝ 6-ով, վիրավորների թիվը՝ 56-ով: Հաշվի առնելով, որ տեսանկարահանող սարքերն ամբողջությամբ, ինչպես նաև արագաչափ սարքերի մեծ մասը տեղադրված են Երևան քաղաքում, իսկ տուգանային միավորների համակարգը դեռևս գործում է միայն տեխնիկական միջոցներով (արագաչափեր և տեսախցիկներ) արձանագրված իրավախախտումների դեպքում, առավել ակնհայտ է դառնում տուգանային միավորների համակարգի արդյունավետությունը, քանի որ ինչպես պատահարների քանակի, այնպես էլ դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թվի առավել մեծ թվով նվազում արձանագրվել է հենց Երևան քաղաքում՝ պատահարները և վիրավորները գրեթե 5 անգամ, զոհերը՝ 2․5 անգամ ավելի են նվազել, քան մարզերում։ Ընդ որում, սա այն պարագայում, երբ տրանսպորտային միջոցների քանակն ինտենսիվորեն ավելանում է, 2020 թվականի դրությամբ, 2018 թվականի համեմատ, տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է 217.000-ով:      

   2. 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», օրինագծերի փաթեթը, որի անհրաժեշտությունը պայմանավորված էր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառության ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ։          Օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով, ի թիվս այլնի, ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 385-Ն որոշումը, որով գործող որոշումը համապատասխանեցվել է Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի և ՀՀ գործող օրենսդրության պահանջներին, ինչպես նաև հստակեցվել և արդիականացվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը:

Մասնավորապես, հատկանշական են հետևյալ փոփոխությունները՝ - վարորդական վկայական ստանալու համար տեսական քննությունները, բացի հայերեն լեզվից, կանցկացվեն նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով. - գործնական վարման հմտությունները ստուգելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները կահավորված կլինեն տեսաձայնագրման և տեսանյութի արխիվացման համակարգերով. - տարբեր կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցների համար հստակեցվել են երթևեկության իրական պայմաններում և ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունների ընդունման պահանջները. - գործնական քննություններ ընդունող Ոստիկանության համապատասխան աշխատակիցների համար սահմանվել է պարբերաբար վերապատրաստումներ անցնելու պահանջ։

 3. 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի  9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 1335-Ն որոշումը, որով կանոնակարգվել է տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացը, և ի թիվս այլ փոփոխությունների, հանվել է տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններ իրականացնելու համար տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու պահանջը:    

  4. Ոստիկանությունում իրականացվել են համակարգի կառուցվածքի և հաստիքացանկի օպտիմալացմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ, ինչն ուղղված է եղել ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածության համաչափ համահարթեցմանը, գործառույթների և դրանց իրագործման հաստիքային ապահովվածությանը՝ վեր հանելով ծառայությանը ոչ բնորոշ կամ կրկնվող գործառույթները, մասնավորապես՝  

  - օպտիմալացվել է Ոստիկանության ողջ կենտրոնական ապարատը,

  - ձևավորվել են Քրեական ոստիկանության և Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունները, որոնք իրականացնելու են հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ոլորտի քաղաքականության մշակումը, ինչպես նաև համակարգելու են դրա իրականացումը Ոստիկանության համակարգում:

 5. Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և 2020 թվականի մայիսից ներդրվել է օպերլիազորների, հետաքննիչների, համայնքային ոստիկանների և այլ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համակարգը։  

 6. Լրացուցիչ հատկացված միջոցների հաշվին 2020 թվականի մայիսից ամբողջությամբ ապահովվելու է ոստիկանության զորքերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների բնակվարձերի փոխհատուցումը։

 7. 2019 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով Կառավարությունը լիազորվել է սահմանել օրենքով պաշտպանության ենթակա անձանց, այդ թվում` քրեական դատավարության մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացնելու կարգը:  

 Օրենքի կիրարկումն ապահովելու համար ոստիկանության կողմից մշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով կանոնակարգվում են Ոստիկանության կողմից կիրառման ենթակա կոնկրետ պաշտպանության միջոցներն իրականացնելու կարգն ու պայմանները՝ օրենքի ուժով պաշտպանության ենթակա անձանց, այդ թվում՝ քրեական դատավարության մասնակիցների՝ վկաների, տուժողների և այլոց անվտանգությունն առավել արդյունավետ ապահովելու նպատակով:

 8. 2019 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որով խոշտանգումները կանխելու և բացահայտելու նպատակով իրավական հիմքեր են նախատեսվել Ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին տեսագրող, իսկ Ոստիկանության ստորաբաժանումների՝ հարցաքննության համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար։  

ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի մարտի 31-ին  թիվ 17-Լ հրամանով սահմանվել են մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով Ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը, տեսագրությունների և տեսաձայնագրությունների պահպանման, օգտագործման կարգը, ինչպես նաև տեսագրմանն առցանց հետևելու, տեսագրություններին և տեսաձայնագրություններին հասանելիություն ունեցող Ոստիկանության ծառայողների շրջանակը: Տեսաձայնագրող տեխնիկական միջոցներով արդեն իսկ կահավորվել են Ոստիկանության 10, իսկ տեսագրող տեխնիկական միջոցներով՝ 11 ստորաբաժանումներ: Ոստիկանության ստորաբաժանումները նշված տեխնիկական համակարգերով կահավորելու գործընթացը շարունակվում է:

 9. Ոստիկանության կողմից նախապատրաստվել է «ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու և ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի  թիվ 1008-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը գտնվում է արտաքին շրջանառության փուլում:

 Նախագծով նախատեսվում է ներկայումս ոչ մասնագիտացված ուժերով պահպանվող կամ ընդհանրապես չպահպանվող բնակչության կենսաապահովման առումով և պետության բնականոն կենսագործունեության տեսանկյունից բացառիկ նշանակություն ունեցող, ինչպես նաև բարձր վտանգավորության մի շարք օբյեկտներ ներառել մեկ միասնական հավելվածում և վերցնել ոստիկանական մասնագիտացված պահպանության:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին