Կարևոր իրադարձություններ

Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. «Իմ քայլը» խմբակցության նոր նախագիծը

06 Հուլիս, 2020 19:45
Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. «Իմ քայլը» խմբակցության նոր նախագիծը

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է լրացում կատարել Վարչական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։  Խոսքը վերաբերում է դիմակ կրելուն:

Ըստ այդմ,

1․ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում`20 հազար դրամի չափով:

2․ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված արտակարգ դրության հայտարարումից սկսած մտցվել են արտակարգ դրության իրավական ռեժիմից բխող մի շարք սահմանափակումներ, այդ թվում նաեւ անձանց ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումներ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 19-ի թիվ ՀՕ-265-Ն օրենքով սահմանվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտումից բխող ազատ տեղաշարժի պայմանները եւ պահանջները խախտելու վարչական իրավախախտումը: Այդուհանդերձ, նկատի ունենալով արտակարգ դրության ընթացքում իրավական ռեժիմի հաճախակի հանդիպող խախտումը անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաեւ հատուկ նորմեր, որոնցով հնարավոր կլինի թիրախային կարգավորել կոնկրետ հարաբերություններ:

«Մասնավորապես, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոններից ամենահաճախ խախտվում է հակահամաճարակային կանխարգելիչ նշանակություն ունեցող անհատական պաշտպանության միջոցների` դիմակների կրումը հանրային բաց տարածքներում, ինչպես նաեւ բնակելի տարածքներից դուրս փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում, աշխատավայրում: Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտ է հատուկ նորմով սահմանել կոնկրետ պահանջների խախտումը եւ դրա համար իրավական հետեւանքը:

Միաժամանակ, նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում արդյունավետ վարչական վարույթի իրականացումը նյութաիրավական նորմերի հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության կարգում: Փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի վարչական իրավախախտման փաստի հայտնաբերումից սկսած մինչեւ համապատասխան իրավական հետեւանքի առաջացումը ընկած ժամանակահատվածը հնարավորինս նվազեցնել` ապահովելով պատասխանատվության անխուսափելիությունը կատարած իրավախախտման համար»,- նշված է հիմնավորման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին