Այժմ հանրությունը քննարկում է, թե ինչպես է լինելու Սահմանադրական դատարանի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնանկությունը, քանի որ վաղն առավոտյան ուժի մեջ են մտնում սահմանադրական փոփոխությունները: Հասարակությունը շունչը պահած սպասում է, թե արդյոք այդ դատավորները ենթարկվելու են Սահմանադրության ուղիղ պահանջին, թե ոչ:
Քանի որ օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ չկա որևէ կոնկրետ մեխանիզմ, որով պետք է նրանց պաշտոնանկ անեն, ապա տրամաբանական է, որ պաշտոնանկությունը լինելու է օրենքի՝ սահմանադրության ուժով: Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (իշխանությունը յուրացնելը) 1-ին մասը սահմանում է.
Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով:
Այս ամենից ակնհայտ է դառնում, որ եթե ՍԴ դատավորները շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, ապա իրականացնում են վերոնշյալ հոդվածով նախատեսված Սահմանադրական դատարանի իշխանության յուրացում:
Ամփոփելով կարելի է ենթադրել, որ եթե վաղը այս երեք դատավորները չլքեն Սահմանադրական դատարանը, ապա քրեական գործ կհարուցվի Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով և նրանց կարող են ընդհուպ մինչև ձերբակալել հանցագործության՝ արդեն իսկ դադարած ՍԴ դատավորի լիազորությունները յուրացնելու պահին: