Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները հանդիպել են․ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

25 Հունիս, 2020 19:23
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները հանդիպել են․ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Այսօր՝ հունիսի 25-ին, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ խաղաղ գործընթացի բովանդակային, ռիսկերի նվազեցման և հումանիտար հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների ճշգրտման առումով: 

Նախարարներ Մնացականյանը և Մայիլյանը բարձր գնահատեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը՝ որպես լավ հնարավորություն` անդրադառնալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և համագործակցության հեռանկարներին:

Նախարարներն անդրադարձան նաև նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին