Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ խորհուրդը կձևավորվի հին սկզբունքով. «Հրապարակ»

05 Հունիս, 2020 08:12
ԵՊՀ խորհուրդը կձևավորվի հին սկզբունքով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեկ տարի է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է, հիմա համառ լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը հակված է այդ պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Բայց հունիսի կեսերին տեղի ունենալիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը կանցկացվի ոչ թե այն սխեմայով, որը կնպաստեր Արայիկ Հարությունյանի` հնարավոր ԵՊՀ ռեկտոր դառնալու ծրագրի իրականացմանը, այլ` հին սխեմայով։

«Արայիկ Հարությունյանը հասկացավ, որ համալսարանում լուրջ դիմադրություն կա իր՝ ռեկտոր դառնալու հետ կապված, հիմա փորձում են խորհուրդը ձեւավորել հին սկզբունքներով, այն է․ 25 տոկոսը՝ կառավարությունից, 25-ը` նախարարությունից, 25-ը` ուսանողներից, 25-ը` դասախոսներից, սակայն գլխին կդնեն իրենց ցանկալի մարդուն»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը:

Ո՞վ է խորհրդի նախագահի իշխանությունների ցանկալի թեկնածուն։ «Ուզում են կրկին Գեւորգ Մուրադյանին «նշանակել»։ Ի դեպ, նա նախկին խորհրդում ընդգրկված էր որպես «հայտնի» գործարար, երբ ընդամենը մեկ օրվա մեջ բացված ՍՊԸ-ի «մենեջեր» էր` չորս-հինգ աշխատողով։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը հիմա շատ հարմար տեղավորվել է նախարար Արայիկ Հարությունյանի կողքին եւ անում է ամեն ինչ, որ վերջինս համալսարանում խնդիրներ չունենա»։ Մեր աղբյուրը նշում է նաեւ, որ ամեն ինչ անում են, որ Վիվասելի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանկարծ ԵՊՀ խորհրդում կրկին չընտրվի: Ինչո՞ւ։ «Իրենց ասածները չի անում` Արամ Սիմոնյանի անվստահությանը կողմ չքվեարկեց, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարմանը կողմ չէր»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին