Կարևոր իրադարձություններ

«Եթե հարձակումը հայկական եկեղեցու փոխարեն մզկիթի վրա լիներ, լուռ կմնայի՞ք». Կարո Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահին

30 Մայիս, 2020 11:57
«Եթե հարձակումը հայկական եկեղեցու փոխարեն մզկիթի վրա լիներ, լուռ կմնայի՞ք». Կարո Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի Սկյուտար շրջանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը բարձրացրել է մեջլիսում (խորհրդարան)։ Փայլանը թեմայի վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հասցեագրված հարցադիմում է հանձնել խորհրդարանի ղեկավարությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Հարցադիմումի մեջ հայ պատգամավորը նախ թվարկել է վերջին շրջանում Ստամբուլի հայկական եկեղեցիների նկատմամբ ատելության հողի վրա տեղի ունեցած հարձակումները, ապա հիշեցրել, որ այդ հարձակումներից հետո Թուրքիայի նախագահն ու նախարարները դատապարտող հայտարարություններ չեն արել։ 

«Որևէ նախագահ չպետք է լուռ մնա այն ժամանակ, երբ ատելության հողի վրա հարձակումներ են տեղի ունենում սրբավայրերի վրա։

Չպատժված, չդատապարտված ատելության հողի վրա հանցագործությունը կրկնվել է․ 2020-ի մայիսի 26-ին Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (պարսպի դռան-խմբ․) խաչը պոկել ու գետնին են նետել։ Այսպիսով ատելության հողի վրա ևս մեկ  հանցագործություն է տեղի ունեցել»,- գրել է Փայլանը, ապա Թուրքիայի փոխնախագահին ուղղել հետևյալ հարցերը։  

- Ինչու՞ չեք ձեռնարկում միջոցներ փոքրամասնությունների պաշտամունքի վայրերի վրա պարբերաբար տեղի ունեցող հարձակումների դեմ։

- Ատելության հողի վրա հայկական եկեղեցիների դեմ իրականացվող հարձակումները ինչու՞ չեք կանխում։ 

- Ինչու՞ չեք դատապարտում եկեղեցիների վրա կատարված հարձակումները։ 

- Հնարավո՞ր է կանգնեցնել ատելության հողի վրա տեղի ունեցող հարձակումներն այն պարագայում, երբ հանրապետության նախագահը շարունակում է կիրառել այնպիսի ատեության խոսքեր, ինչպիսին օրինակ «թրի ավելցուկ»-ն է։ 

- Արդյո՞ք հանցավոր խտրականության չեք ցուցաբերում՝ չկանգնեցնելով եկեղեցիների վրա ատելության հողի վրա կատարվող հարձակումները։ 

- Եթե ատելության այսպիսի հանցագործություններ կատարվեին ոչ թե եկեղցու, այլ՝ մզկիթի դեմ, լուռ կմնայի՞ք։

Ավելացնենք, որ հայկական եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակման վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի նախագահությանը ևս մեկ հարցադիմում է հանձնել ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Թումա Չելիքը։ Չելիքը հարցադիմումն էլ ուղղված է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին