Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը

26 Մայիս, 2020 17:36
Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը և արձանագրում, որ 2004թ. Հունգարիայում տեղի ունեցած հանցագործությունը և 2012թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից հանցագործի ներումն ու փաստացի հերոսացումն Ադրբեջանի կողմից պետականորեն տարվող հայատյաց քաղաքականության ցցուն դրսևորում էր, որը տասնամյակներ շարունակ արտահայտվում է բոլոր հնարավոր բնագավառներում:

 

«2004 թվականից հետո հայատյացությունը Ադրբեջանում առավել կազմակերպված բնույթ է կրում, և մարդասպան Սաֆարովի վարքը ադրբեջանական պետական քարոզչության և հենց մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ներկայացվում է որպես «լավագույն օրինակ»: Նման դրսևորումների շարունակում ենք ականատես լինել անընդհատ՝ պաշտոնական քաղաքականության մեջ, հասարակական կյանքում և ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներում:

Հայատյացության քաղաքականությունն առավել ծանր հետևանքներ ունեցավ 2016թ.ապրիլին Ադրբեջանի սանձաձերզած պատերազմի ընթացքում՝ հայ զինծառայողների և քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների տեսքով, որոնց վերաբերյալ Պաշտպանը 2016թ. դեկտեմբերին հրապարակել է հատուկ զեկույց: Իսկ Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության դրսևորումների մշտադիտարկման արդյունքները ամփոփվեցին 2018թ. սեպտեմբերին հրապարակված «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցում:

 

ՄԻԵԴ տվյալ որոշման և հայատյացության շարունակվող քաղաքականության համատեքստում առավել ընդգծված ու մտահոգիչ են դառնում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտման դեպքերը, որոնք առ այսօր շարունակվում են Արսեն Բաղդասարյանի, Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հանդեպ:

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության բնակչությունը հայատյացության քաղաքականության առաջնային թիրախն է և իր վրա շարունակաբար զգում է դրա բացասական հետևանքները՝ Պաշտպանը հույս է հայտնում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս որոշումը և միջազգային հանրության հետևողական տարբեր քայլեր կանխարգելիչ ազդեցություն կունենան Ադրբեջանում հայատյացության տարածման ու դրա հիման վրա նորանոր հանցագործությունների իրականացման ուղղությամբ: Այդ առումով խիստ ցանկալի է, որ յուրաքանչյուր դեպք պատշաճ իրավական ու քաղաքական գնահատական ստանա միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանում առանցքային դերակատարում ունեցող պետությունների կողմից», – ասված է Արցախի ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին