Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի նոր դեպքերի մոտ 80 տոկոսը արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում եւ սպասարկման ոլորտներում․ Փաշինյան

24 Մայիս, 2020 19:46
Կորոնավիրուսի նոր դեպքերի մոտ 80 տոկոսը արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում եւ սպասարկման ոլորտներում․ Փաշինյան

Քիչ առաջ ավարտվեց պարետատան նիստը, և ունեցանք վերջնական եզրակացություններ, թե ինչու են կորոնավիրուսի վարակման դեպքերն սկսել աճել: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ըստ էության, մեր նոր դեպքերի 75 եւ ավելի, նույնիսկ 80 տոկոսը արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում եւ սպասարկման ոլորտներում: Այո՛, կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է, բայց մեր քաղաքականության առումով, ամենացածր գնաճ ունեցող երկրների շարքում ենք, նաեւ ազգային արժույթի տատանումների առումով ամենակայունն ենք: Մենք փորձել ենք կատարել այնպիսի ընտրություն, որը կկայունացներ իրավիճակը»,- ասաց Փաշինյանը։

«Մենք կատարել ենք, այնպիսի ընտրություն, որ փորձենք իրավիճակը պահել մաքսիմալ հավասարակշռված: Ասում ենք, որ սպասարկման ոլորտն է ամենամեծ դեպքերը բերել և բանկային համակարգում՝ մի պարզ պատճառով, որ  հակաճգնաժամային 9-րդ ծրագիր ենք արել, ովքեր իրենց օգնությունը ստանալու համար պետք է գնային բանկեր: Բանկերը ոչ բոլոր դեպքերում պատշաճ կերպով պահեցին անվտանգության կանոնները և ստացվում է, որ մենք մեր օգնություններով մարդկանց օգնել ենք վարակվել»,- հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավիճակը բարդանում է, ապա ավելացրեց, որ խստագույն հսկողություն պետք է սահմանեն անվտանգության կանոնների պահպանման հարցում։

«Հիմա մենք ինչ ենք որոշել, բնականաբար, առաջինը՝ խստագույն հսկողություն սահմանել անվտանգության կանոների պահպանման վրա հիմնարկ-ձեռնարկությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի ընկերությունների վրա և, ընդ որում, մենք այստեղ և՛ պատժողական քաղաքականություն ենք վարելու, և՛ նաև մարդկանց բացատրելու ենք, որ պետք է ուշադիր լինենք բոլորս...

Մարդկանց գիտակցության հետ աշխատելն իմ ճանաչած ամենախորքային մեթոդն է. իրականության փոփոխության գործիքն անհատի փոփոխությունն է:

Բայց, իհարկե, վարչական որոշակի լծակներ կգործադրենք. այն սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները, արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին