Կարևոր իրադարձություններ

Արտաշատ քաղաքի բնակչի տնից ավելի քան 2.800.000 դրամ են գողացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

20 Մայիս, 2020 23:30
Արտաշատ քաղաքի բնակչի տնից ավելի քան 2.800.000 դրամ են գողացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Մայիսի 14-ին, ժամը 14.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի մի բնակարանից փող, վզնոց ու մատանի են գողացել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Ննջարանի մահճակալի ներքնակի տակից գողացել էին 2.800.000 դրամ, պահարանից` 30.000 դրամ և արծաթյա զարդեր` բնակարանատիրոջը պատճառելով մոտ 3 միլիոն դրամի նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը կատարել է տուժողի 26-ամյա հարևանը: Կասկածվողը մայիսի 16-ին բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն:

Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ ինքն է հարմարեցված բանալիով բացել հարևանի բնակարանի դուռը և կատարել գողություն:

Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին