Այսօր՝ մայիսի 19-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։
Մասնավորապես Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նաև «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը, որով կատարողների համար հնարավորություն է ստեղծվում պահպանել իրենց իրավունքները տեսալսողական կատարումների նկատմամբ, ընդունել կատարողների` իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների և հանրային շահերի միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մասնավորապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության հասանելիության բնագավառներում:
Պայմանագրի կնքումը պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ և կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրման անհրաժեշտությամբ: