Կարևոր իրադարձություններ

Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ․ ՔԿ

19 Մայիս, 2020 18:12
Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ևս 4 անձ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունները քննարկման փուլում են:

Այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, որից 25-ը՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաև սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են միջադեպին և փոխհրաձգությանը մասնակցած անձանց ավտոմեքենաներից 10-ը, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենից 2-ը, նշանակվել են փորձաքննություններ:


 

 

Լրահոս

Դիտել ավելին