Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը․ Տիգրան Վիրաբյան

12 Մայիս, 2020 22:06
Հեղինակ՝ Տիգրան Վիրաբյան
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը․ Տիգրան Վիրաբյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փուլային տարբերակով կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը: Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներ են:

1970-ականներին կառուցված շենքում այսօր գործում է 4 մարզադպրոց՝ համալիր մարզաձերի մանկապատանեկան, ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության, նետաձգության, սեղանի և մեծ թենիսի:

Շենքը երբևէ չի հիմնանորոգվել: Վերջին մեկ տարում նորոգվել են միայն խողովակները, սանհանգույցներն ու հանդերձարանները, սպասասրահները: Այսօր առաջնահերթ նորոգման անհրաժեշտություն ունի տանիքը:

Ավելի քան 6000 քմ տարածք զբաղեցնող Երևանի ամենամեծ մարզական կենտրոնն ունի 14 մարզադահլիճ, որոնցից մեկն իր տարածքի մեծությամբ (39/41 քմ) միակն է Հայաստանում: Բացօթյա հատվածում կա չգործող 2 լողավազան:

Այստեղ մարզական անվճար կրթություն է ստանում շուրջ 1200 սան: Չնայած պայմաններին՝ նրանք շարունակում են հաջողությամբ հանդես գալ Հայաստանի և միջազգային մրցաշարերում:

Մարզահամալիրը նորոգումից հետո, ինչպես նախկինում, հետագայում էլ հնարավորություն կունենա ընդունել մինչև 2000 սանի»:

 

Լրահոս

Դիտել ավելին