Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    519,5
    535,5

  • RUB

    6,57
    6,97

Կարևոր իրադարձություններ

Արցախի Մարտունու քաղաքապետը հրաժարական է տվել

05 Մայիս, 2020 15:38
Արցախի Մարտունու քաղաքապետը հրաժարական է տվել

Արցախի Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը հրաժարական է տվել:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ

Այս տարվա մարտի 31-ին եւ ապրիլի 14-ին մեր հանրապետությունում անցկացված համապետական ընտրությունները հերթական անգամ ամրապնդեցին ժողովրդավարական արժեքներով պետականության կառուցման մեր հաստատակամությունը: Մեր պայքարն ի սկզբանե, ազատ ու ինքնիշխան Արցախ ունենալուց բացի, օրինական ու օրինակելի պետություն կերտելուն է միտված: Հպարտ եմ, որ հանուն այդ մեծ գաղափարի ձեզ հետ միասին արել ենք հնարավորը՝ կիսելով կորստի ցավն ու հաջողության քաղցր պտուղները:

Այդ ջանքերի համատեքստում, անցած տարվա սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրումը նպատակ ուներ Մարտունին ավելի լավը դարձնել: Եվ իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ձեզանից յուրաքանչյուրին ձեր տված վստահության քվեի եւ աշխատանքում աջակցելու պատրաստակամության համար. իմ պարտականությունն էր լինել բոլորի քաղաքապետը, ինչը արել եմ անկեղծ սիրով եւ հարգանքով յուրաքանչյուրիդ հանդեպ:

Այսօր ցանկանում եմ անդրադառնալ մի թեմայի, որն ինձ ստիպել է շատ կարեւոր որոշում կայացնել: Բոլորդ լավ հիշում եք իմ մասնակցությամբ այն միջադեպը, որով փորձել եմ կանխել Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների եւ մի խումբ մարտունեցի երիտասարդների միջեւ հնարավոր բախումը նախընտրական շրջանում՝ թույլ չտալով նրանց մտնել Մարտունի քաղաք:

Առիթ ունեցել եմ թե՛ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներին եւ թե՛ մեր համաքաղաքացիներին ներկայացնելու իմ այդ քայլի պատճառը, որը պայմանավորված էր սրտացավությամբ: Այսօր էլ պնդում եմ այդ մասին, թեեւ գիտակցում եմ, որ այն իմ կողմից կիրառված լավագույն մեթոդը չէր: Այո՛, դա իմ բացթողումն է, եւ ես այն ընդունում եմ արժանապատվորեն: Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ որոշ ուժերի կողմից այդ միջադեպը դարձել է քաղաքական շահարկման թեմա, եւ հետեւողականորեն փորձում են դրանով ստվերել Արցախում անցկացված համապետական ընտրությունները:

Իմ անցած ճանապարհը եւ երկրիս ու ժողովրդիս հանդեպ ունեցած սերն ու պատասխանատվությունը ինձ բարոյական իրավունք չեն վերապահում հանգիստ հետեւելու այդ գործընթացին: Ես, որ հայրենիքի ազատության զոհասեղանին էի դրել կյանքս, այսօր չեմ պատրաստվում կասկածի տակ դնել մեր երկրի ու իմ դավանած քաղաքական գաղափարների հեղինակությունը հանուն աթոռի: Խորհրդակցելով կուսակցության նախագահի եւ կուսակից ընկերներիս հետ ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը:

Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ համատեղ կարճատեւ, բայցեւ բովանդակալից աշխատանքի համար: Խնդրում եմ ներողամիտ գտնվել եւ ըմբռնումով մոտենալ որոշմանս: Համավարակի այս բարդ ժամանակներում առողջություն եմ մաղթում բոլորիս:

Հարգանքներով՝ Հայկ Սարգսյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին