Արցախի Հանրապետւթյան Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, խոսելով նոր տիպի կորոնավիրուսի՝ COVID19-ի աշխարհում տարածման տեմպերի մասին՝ նշել է, որ Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգելու է համաճարակի դեմ պայքարի աշխատանքները: Նախարարը ընդգծել է, որ հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուս հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: Նա նաև հավելել է, որ Արցախի սահմանային 4 անցակետերում իրականացվում է հանրապետություն մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափման գործընթաց: Նախարարի խոսքով՝ վարակի հնարավոր դեպքերի բուժման համար նախատեսվել է Շուշիի շրջանային բուժհիմնավորումը, որը զինվել է անհրաժեշտ բոլոր պարագաներով, ինչպես նաև առանձնացվել են հյուրանոցային համալիրներ, որոնք նախատեսված են մեկուսացման համար: Բոլոր շրջաններում ևս պատրաստվել են հիվանդասենյակներ և բուժհիմնարկներ՝ հիվանդներին սպասարկելու նպատակով:
Արայիկ Բաղրյանը, պատասխանելով պատգամավորների առաջադրած հարցերին, նշել է, որ ամենօրյա ռեժիմով համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության հետ. փորձանմուշները թեստավորվում և պատասխաններն օպերատիվ ուղարկվում են ԱՀ: Նա նաև անդրադարձել է արհեստական շնչառության սարքերի, դիմակների և մյուս անհրաժեշտ պարագաների վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դրանք այս պահի դրությամբ հանրապետությունում բավարար չափով առկա են և աշխատում են պաշարներն ավելացնելու ուղղությամբ:
Պատգամավորները ոստիկանապետին են առաջադրել Արցախում մարտի 31-ին սպասվող ընտրություններին դիտորդների այցերի և ՀՀ-ից մուտքի վերահսկման մասին հարցեր: