Կարևոր իրադարձություններ

Խնդրում եմ ձեռնարկել միջոցներ, որպեսզի հեռախոսային խոսակցությունները արգելելու մասին որոշումները պահպանվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում. փաստաբան

18 Մարտ, 2020 17:21
Հեղինակ՝ Լևոն Սահակյան
Խնդրում եմ ձեռնարկել միջոցներ, որպեսզի հեռախոսային խոսակցությունները արգելելու մասին որոշումները պահպանվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում. փաստաբան

AM իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանն  իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ՊԱՐԵՏ Տ․ ԱՎԻՆՅԱՆԻՆ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ Ա.ԴԱՎԹՅԱՆԻՆ
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ Ա․ ԹԱԹՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոնայք,
ՀՀ կառավարության 16․03․2020թ․ «ՀՀ-ում արտակարգ դրություն հաստատելու մասին» որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են` տեսակցություններ ունենալը։
Հայտնի է, որ մինչ երկրում արտակարգ դրության հաստատումը բազմաթիվ քրեական գործերով, քննության շահերից ելնելով, ձերբակալված կամ կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները նույնպես արգելված են եղել։ Ունեցել ենք դեպքեր, երբ արգելված են եղել հեռախոսազանգերը, սակայն տեսակցություններ ունենալը մասնակի (գոնե սահմանափակ թվով հարազատների մասով) թույլտրվում էր։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք:
ՀՀ սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության իրավունք:
Անդամ պետություններին ուղղված «Եվրոպական բանտային կանոնների մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականը սահմանում է, որ բանտարկյալների hաղորդակցությունները և տեսակցությունները կարող են ենթարկվել սահմանափակումների և մշտադիտարկման, որն անհրաժեշտ է քրեական գործի քննությունը շարունակելու, կարգուկանոնի պահպանման, ապահովության և անվտանգության․․․ ․․․ համար, սակայն ամեն պարագայում ՉՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԵՆ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ:

Հարգելի պարոնայք, այսօր ՀՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հարկ է արձանագրել, որ ձերբակալված և կալանավորված անձանց որոշ մասը բացարձակապես զրկվել է արտաքին աշխարհի, ներառյալ հարազատների հետ շփվելու նվազագույն հնարավորությունից, ինչն այսօրառավել քան կարևոր է նրանց համար: Փաստաբանների միջոցով իրենց ընտանիքի անդամների որպիսության, այդ թվում նաև՝ առողջության, մեկուսացված լինելու կամ չլինելու, մասին տեղեկություններ ստանալն այդ անձանց համար դարձել է նույնպես դժվար հասանելի, քանի որ փաստաբանները, ելնելով նաև իրենց վստահորդների առողջությունը չվտանգելու անհրաժեշտությունից, զգալիորեն կրճատել են այցերը քրեակատարողական հիմնարկներ։
Հնարավեր է նաև, որ որոշ փաստաբաններ նույնիսկ ինքնամեկուսացել են տանը։ Նույն տրամաբանությամբ՝ այդ անձանց մասին տեղեկություններ չեն կարողանում ստանալ նաև նրանց հարազատները։
Կարծում եմ նման պայմաններում, ձերբակալված և կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները արգելելու համար չի կարող բավարար լինել հիմնավորման այն նույն շեմը, որը որ բավարար էր նախկինում համապատասխան որոշում կայացնելու համար, ինչը նշանակում է, որ այսօր արդեն նման արգելք կարող է կիրառվել առավել ԽԻՍՏ անհրաժեշտության դեպքում միայն։ Այլ կերպ ասած՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված իրավունքների սահմանափակումը կարող է և պետք է անձին պետության կողմից «հատուցվի» նախկինում արտակարգ իրավիճակով չպայմանավորված մարդու իրավունքների որոշ սահմանափակումների վերացմամբ։
Մատնանշածս հանգամանքների հիմքով՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, որպեսզի ՀՀ-ում գործող բոլոր քննիչները վերանայեն իրենց վարույթներում քննվող գործերով ձերբակալված և կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները արգելելու մասին որոշումները և արգելքները պահմանվեն միայն առավել ԽԻՍՏ անհրաժեշտության դեպքում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին