Կարևոր իրադարձություններ

Վարչապետի մամուլի խոսնակը Բեթմենի ու նախագահ դառնալու երազանքի մասին. Մանե Գևորգյանի հարցազրույցը

13 Մարտ, 2020 15:38
Վարչապետի մամուլի խոսնակը Բեթմենի ու նախագահ դառնալու երազանքի մասին. Մանե Գևորգյանի հարցազրույցը

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնն արդեն մոտ երկու շաբաթ զբաղեցնում է Մանե Գևորգյանը: Իր առաջին հարցազրույցում Մանե Գևորգյանն «Արմենպրես»-ին պատմել է ստացած կրթության, մանկության երազանքի, Բեթմենի հետ «կապի», աշխատանքի, լրագրողների հետ առաջին շփումների և այլ թեմաների մասին:

- Ձեր մասին հրապարակային շատ քիչ տեղեկություններ կան: Ձեր կենսագրությունը դեռ տեղադրված չէ կառավարության պաշտոնական կայքում: Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվելու որոշումից հետո լրագրողները փորձում էին պարզել, թե խոսքը որ Մանե Գևորգյանի մասին է: Մի փոքր պատմեք, խնդրում եմ, ձեր մասին:

- Ես երեսուն տարեկան եմ, ծնվել եմ Երևան քաղաքում: Ունեմ 2 քույր, մեկ եղբայր, չորս երեխա ենք ընտանիքում: Սովորել եմ Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում, մինչև դպրոցն ավարտելը մեկ տարի Flex ծրագրով ուսանել եմ ԱՄՆ-ում, այդ ընթացքում հյուրընկալող ընտանիքում ապրել եմ Արիզոնա նահանգում: 2006թ. ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը, ապա մագիստրոսի գիտական աստիճան եմ ստացել ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2013թ. նորից մեկնել եմ Միացյալ Նահանգներ, սովորել եմ Ֆլեթչերի դպրոցում: Այս ընթացքում աշխատել եմ մի շարք վայրերում, 10-րդ դասարանից կամավորությամբ եմ զբաղվել Ամերիկյան խորհուրդներում, ապա աշխատանքի եմ անցել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում: 2012-2016թթ. Ազգային ժողովում եղել եմ պատգամավոր Վարդան Օսկանյանի խորհրդական-օգնականը, այնուհետև աշխատել եմ «Սիվիլիթաս» հիմնադրամում, «Սիվիլնեթ»-ում, մինչ վարչապետի մամուլի քարտուղարի աշխատանքին անցնելը, եղել եմ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգողը:

- Երբևէ մտածե՞լ եք, որ մի օր կլինեք երկրի ղեկավարի մամուլի խոսնակի դերում: Փոքր տարիքում ի՞նչ աշխատանքի մասին եք երազել:

-Փոքր ժամանակ ես երազում էի լինել երկրի նախագահ: Երկար ժամանակ երազելուց հետո, երբ Սահմանադրությունը փոխվեց, շատ տխրել էի, որովհետև հասկացա, որ երկրի նախագահն այլևս ակտուալ չէ:

- Դրանից հետո երկրի վարչապետ դառնալու ցանկություն չկա՞ր:

- Սահմանադրությունն այնպես փոխվեց, որ ինձ թվում էր, թե այլևս, բացի մեկ անձից, ոչ ոք չի լինի երկրի վարչապետ: Հետո արդեն իրադարձություններն այնպես զարգացան, որ դարձա վարչապետի մամուլի քարտուղար:

- Պարոն Փաշինյանը գիտի՞ ձեր ցանկությունների, երազանքների մասին:

- Չէ, եկեք թող չիմանա ( ծիծաղում է- հեղ.):

- «Ֆեյսբուք»-ի ձեր էջում հրապարակումներ կան ամերիկյան կոմիքսների և ֆիլմերի հերոս «Բեթմեն»-ի հետ կապված: Մի գրառման մեջ նշել եք նաև, որ կցանկանայիք Բեթմենի նման լինել: Որտեղի՞ց է գալիս այս սերը նրա նկատմամբ և որն է դրա պատճառը:

- Փոքր ժամանակ պատկերացնում էի նաև, որ կարող եմ սուպերհերոս լինել: Բեթմենին շատ եմ սիրում, որպես կոմիքս, բոլոր ֆիլմերը նայել եմ: Բայց այդ հրապարակումն այլ պատմություն ունի. մի ուրբաթ երեկո, երբ ընկերներով որոշեցինք դրսում սրճարանում նստել, մեկ օրվա ընթացքում ականատես եղանք երեք տարբեր վիճաբանությունների, որոնցից մեկում կնոջ հանդեպ էր բռնություն կիրառվում, մյուս տեղում տղամարդը տղամարդու հանդեպ էր բռնություն կիրառում, մեկ ուրիշում էլ խմբակային ծեծկռտուք էր: Ստացվեց այնպես, որ ես և իմ ընկերներն առաջին երկուսին միջամտեցինք, որովհետև անհնար էր չմիջամտելը: Ես վատ սովորություն ունեմ, որ միշտ խառնվում եմ նման դեպքերում, բռնություն առհասարակ չեմ հանդուրժում: Ընկերներիցս մեկը մի նկար վերցրեց, այն ֆոտոշոփի ենթարկեց, ինձ Բեթմենի զգեստներ հագցրեց, ես էլ գրեցի, որ այսուհետ, ուրբաթ երեկոյան Բեթմենի շորեր եմ հագնելու, քաղաքի հիմնական փողոցներով վազելու եմ, տեսնեմ՝ եթե որևէ մեկին օգնություն է պետք, օգնեմ: Բայց դա կատակ էր, ամբողջությամբ հումոր էր: Մեկ-մեկ կարելի է փորձել հերոս լինել, թեկուզ ֆոտոշոփված:

 

- Ինչպե՞ս ստացաք վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Որքա՞ն ժամանակ պահանջվեց պաշտոնը ստանձնելու որոշումը կայացնելու համար:

-Փետրվարի վերջում հանդիպում ունեցա վարչապետի հետ, հնչեց առաջարկ` աշխատել որպես մամուլի քարտուղար, ստացա նաև հանձնարարություն, որպեսզի հասկանանք` մենք միասին կարող ենք աշխատել, թե ոչ: Ճիշտն ասած, ինձ մտածելու հնարավորություն չեն տվել (ծիծաղում է- հեղ.): Այնպես ստացվեց, որ ես վարչապետին հանդիպեցի ուրբաթ օրը, հանձնարարությունը տվեց, որը ես երկուշաբթի օրն արդեն պետք է ուղարկեի, երկուշաբթի ուղարկել եմ այն առավոտյան ժամը 10-ին: Հինգշաբթի օրը, կառավարության նիստից առաջ ինձ կանչել են նրա հետ հանդիպման, եկել եմ, հանդիպել ենք, ասել է, որ հիմա քեզ կտանեն, քո աշխատասենյակը ցույց կտան: Այդ պահին ես նույնիսկ իմ պայմանագիրը չէի խզել նախորդ աշխատավայրիս հետ: 

- Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում երկրի ղեկավարների մամուլի խոսնակներից միայն մեկն է եղել իգական սեռի ներկայացուցիչ` Կասյա Աբգարյանը, որը 1998-1999թթ. եղել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակը: Ըստ ձեզ ո՞րն է պատճառը, որ մեծամասամբ տղամարդիկ են նշանակվել այս պաշտոնում, և կա մի բան ձեր աշխատանքում, որ տղամարդն ավելի լավ կարող է անել, քան կինը:

- Ես կարծում եմ, որ չկա որևէ բան, որ տղամարդն ավելի լավ կարող է անել, քան կինը: Մամուլի խոսնակի աշխատանքը ծանր է, բարդ է, անընդհատ լարված է, քո ամբողջ ժամանակը տրվում է գործին: Երևի դրանով է պայմանավորված, որ մտածում են, թե կինը չի կարողանա, որովհետև նա շատ ավելի այլ պարտականություններ կամ զբաղվածություն ունի: Բայց ինձ թվում է, որ այս աշխատանքի մեջ որևէ բան չկա, որ կարող է տղամարդը, և չի կարող կինը: Եթե սիրում ես երկիրը, եթե սիրում ես աշխատանքը, նվիրված ես ու հավատում ես նրան, ինչ անում ես, ուզում ես ինչքան հնարավոր է ավելի բաց ու ավելի լավ անել, արդեն կապ չունի` տղամարդ ես, թե կին: Ամենակարևորն է նաև, որ ունենաս վարչապետի վստահությունը, եթե դա կա, քեզ ուժ և հավատ է ներշնչում, որ դու կարող ես դա անել:

- Հաշվի առնելով, որ վարչապետը սոցիալական ցանցերում շատ ակտիվ է, նաև սիրում է ուղիղ շփվել լրագրողների հետ, սա խանգարում է, թե՞ օգնում ձեր աշխատանքին: Ի՞նչ ազդեցություն է ունենում նաև վարչապետի նախկին լրագրող լինելը, չնայած ասում են, որ նախկին լրագրող չի լինում:

- Դուք ճիշտ եք, երբ ասում եք, որ նախկին լրագրող չի լինում: Նա շատ լավ գրող է և ուշադրություն է դարձնում ամենամանրուքին` ստորակետին, վերջակետին, հոդերին, ամեն ինչին: Չկա մի բան, որ կարող է վրիպել նրա աչքից: Այդ հանգամանքն ինձ և կառավարության տեղեկատվության վարչության իմ գործընկերներին լարվածության մեջ է պահում, որովհետև մենք էլ ենք փորձում հնարավորինս խուսափել բոլոր տեսակի սխալներից: Հատկապես բարդ են ուղիղ եթերները, որոնք անվերահսկելի են բովանդակային առումով: Մենք չգիտենք, թե ինչ թեմայից ինչ թեմա կբացվի, բայց այդ լարվածությունը միևնույն ժամանակ հետաքրքիր է պահում քո օրը, և, նույնիսկ, չես զգում, թե այն ինչպես է անցնում: Հիմա դա և՛ դրական է, և՛ բացասական, բայց ինձ համար շատ հետաքրքիր է:

-Ինչպիսի՞ն պետք է լինի լավ մամուլի խոսնակը:

-Նախ և առաջ պետք է անկեղծ լինի: Պետք է չվախենա որևէ դիրքորոշում հայտնելուց, եթե անգամ գիտի, որ իր անմիջական ղեկավարը` վարչապետը, կարող է չհամաձայնել դրա հետ: Պարտաճանաչ պետք է լինի, մամուլի հետ ազնիվ ու բաց լինի: Համբերատար լինի և սիրի իր աշխատանքը: Աշխատանքի բերումով հետևում եմ մի շարք երկրների մամուլի խոսնակների: Միշտ հետաքրքիր է ծանոթանալ, թե իրենք ինչպես են ներկայացնում իրենց ղեկավարներին, ինչի վրա են շեշտադրումներ կատարում, իրենք ինչ լուծումներ են գտնում, ինչ ստեղծագործական, նորարարական մոտեցումներ են ներդնում: Կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լրագրողների կողմից անհարգալից որևէ դրսևորում չեմ նկատել: Սկզբում մի փոքր շահարկումներ եղան, փորձեցին անձնականը գործնականի հետ խառնել, բայց ի զարմանս ինձ, այդ խոսակցություններն անցան: Ինձ համար կարևոր էր, որ մարդիկ ինձ չդատեն այն տեղեկություններով, որը տարբեր տեղերից իրենց հասել է, այլ ես հնարավորություն ունենամ գործով ապացուցելու, որ ես արժանի եմ այս աշխատանքին: Շատ է լինում, որ տարբեր քննարկումների ընթացքում չեմ կարողանում հեռախոսազանգերին պատասխանել, հետո դուրս եմ գալիս, տեսնում եմ, որ բաց թողնված զանգեր ունեմ, և փորձում եմ կապ հաստատել, տեսնել, թե ով և ինչ հարցով է զանգահարել:

- Աշխատանքի անցնելու հենց հաջորդ օրը գործուղմամբ մեկնեցիք Վրաստան, օրեր անց նաև Բրյուսել: Դժվար չէ՞ր միանգամից նման տեմպով աշխատանքի անցնելը:

-Այս գործուղումներն ինձ օգնեցին, որ ես միանգամից ընկնեմ տեմպի մեջ և հասկանամ, թե ինչ է կատարվում, ինչի համար, և ես ինչ պետք է անեմ: Երբ քեզ վերցնում ու դնում են այդ թեժ իրավիճակի մեջ, սկսում ես տեղում ստեղծագործել, աշխատել: Երևի շատ ավելի լավ էր, քան եթե ես գայի ու օրն անցկացնեի գրասենյակում, համակարգչի առաջ կամ հեռախոսազանգերին պատասխանելով: Շատ հետաքրքիր էր ուղեկցել վարչապետին բոլոր այս այցերի ժամանակ, լինել ներկա հանդիպումներին ու տեսնել, թե ինչպես են երկրի ղեկավարները, նախարարները քննարկում հարցեր, որոնք կարևոր նշանակություն ունեն երկրի հետագա զարգացման համար:

- Նման ծանրաբեռնվածության պայմաններում ընտանիքի անդամների և ընկերների համար ժամանակ մնո՞ւմ է: Նրանք չեն նեղանո՞ւմ ստեղծված իրավիճակից:

- Շատ են նեղանում, բայց հուսով եմ, որ հասկանում են: Շատ կապված եմ և' ընկերներիս, և' ընտանիքիս հետ: Նրանք միանշանակ հասկանում են, աջակցում են՝ ինչով կարողանում են: Քույրիկս ասում է, որ ինձ ուտելիք կբերի, որովհետև գիտի, որ հաճախ չեմ հասցնում ընդմիջում անել: Առաջին անգամ, երբ վարչապետի հետ խոսեցի, միանգամից ցանկացա խոսել ընտանիքիս անդամների հետ: Կարևոր էր իրենցից ստանալ ինչ-որ չափով նաև այն վստահությունը, որն իմ մեջ պակասում էր, որովհետև հասկանում էի, որ սա շատ պատասխանատու աշխատանք է, և ինձ համար շատ կարևոր է չձախողելը: Ես երեսուն տարեկան եմ և կին եմ. երբ կինը ձախողում է դա մեր հասարակության մեջ շատ ավելի մեծ ալիք է առաջացնում, քան, երբ տղամարդն է ձախողում: Դպրոցական տարիքից սկսած միշտ աշխատել եմ: Ինձ համար կարևոր է եղել ձեռք բերել այդ վստահությունը նաև գործընկերներիս շրջանում: Հիմա հանկարծ այստեղ ձախողելն ինձ համար շատ ծանր կլինի, բայց բացառված չէ, որ ինչ-որ բան կարող է չստացվել: Հուսով եմ, որ այդպես չի լինի, և 24/7 ռեժիմով աշխատում եմ, որ ամեն ինչ լավ լինի: Շատ շնորհակալ եմ ընտանիքիս անդամներին և ընկերներիս, որ աջակցում են ու իմ կողքն են: Հուսով եմ, որ հպարտանում են ինձնով, ասում են, որ հպարտանում են ինձնով, չգիտեմ (ծիծաղում է- հեղ.):

- Շնորհակալ եմ հարցազրույցի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին