2020 թվականի մարտի 10-ին՝ ժամը 1600-ին, Գավառի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի սալջարդ» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի բնակիչ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մարտի 10-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա և 27-ամյա եղբայրները, իրենց հորը պատկանող «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Սևան քաղաք ուղևորվելու ընթացքում, Լճափ գյուղում ճանապարհը չզիջելու պատճառով, վիճաբանել են նույն գյուղի բնակչի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, ով մոտակայքում գտնվող համագյուղացիների կողմից տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենայով՝ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նրա հարազատները որոշել են ուղեկցել շտապօգնության մեքենային և այդ նպատակով մի պահ կանգ են առել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27կ/մ հատվածում և իջնելով մեքենաներից՝ սպասել շտապօգնության մեքենայի մոտենալուն: Այդ ընթացքում «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Գավառ քաղաք ընթացող երկու եղբայրները, նկատելով և ճանաչելով ճամփեզրին կանգնած տուժողի հարազատներին, առերևույթ դիտավորությամբ ավտոմեքենան հարել են դեպի նրանց, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: