Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ Ryanair ավիաընկերության Երևան-Իտալիա չվերթների ժամանակավորապես դադարեցնելու մասին

11 Մարտ, 2020 10:53
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ Ryanair ավիաընկերության Երևան-Իտալիա չվերթների ժամանակավորապես դադարեցնելու մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել․

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան։

Իտալիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ միջոցառումների պատճառով Ռայանէյր ավիաընկերությունը որոշում է կայացրել կասեցնել բոլոր երկրներից դեպի Իտալիա ժամանող և Իտալիայից մեկնող չվերթերը։

Մասնավորապես, չվերթերը կասեցվելու են ս. թ. մարտի 14-ից սկսած (այսինքն վերջին չվերթը տեղի է ունենալու մարտի 13-ին) մինչև ապրիլի 8-ը (ներառյալ):

Ինչ վերաբերում է Իտալիա-Հայաստան ավիաչվերթին, ապա ընդգծենք, որ Ռայանէյր ավիաընկերության կողմից դեպի Հայաստան վերջին չվերթը տեղի ունեցավ այսօր ժամը 21:40: Հավանականությունը մեծ է, որ այլ ավիաընկերությունները նույնպես նման քայլեր ձեռնարկեն և չեղարկեն թռիչքները Իտալիայից: Հետևաբար, կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան, քանի որ հետագայում հնարավոր է Իտալիայից մեկնող չվերթեր չլինեն:

Ռայանէյր ավիաընկերությունը կտեղեկացնի բոլոր տուժած ուղևորներին չեղարկումների և հաջորդ քայլերի մասին։
Նշենք, որ այն դեպքում, երբ ավիաընկերությունն է չեղարկում չվերթը, ուղևորներին պետք է առաջարկի այլընտրանքային տարբերակներ։ Ավիաընկերությունը կտեղեկացնի, թե ինչ հնարավորություններ կամ այլընտրանքային տարբերակներ են առաջարկվում։

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցները մարտի 10-ին գտնվել են Զվարթնոց օդանավակայանում, վերահսկել են Ռայանէյր ավիաընկերությամբ դեպի Իտալիա մեկնող և Իտալիայից ժամանող չվերթերը, տեղեկացրել COVID-19 կորոնավիրուսի վերջին զարգացումների մասին և հորդորել ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ryanair ընկերությունը հայտարարություն է տարածել, որով հայտնել է, որ դադարեցնում է բոլոր չվերթները Երեւանից դեպի Իտալիա և հետադարձ մինչև ապրիլի 8ը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին