Կարևոր իրադարձություններ

Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Արցախ, խուսափել Ադրբեջան մեկնելուց. hetq.am

07 Մարտ, 2020 16:30
Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Արցախ, խուսափել Ադրբեջան մեկնելուց. hetq.am

ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է չմեկնել Արցախ։ Պատճառը տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունն է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ կրակոցները և, երբեմն, հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ նաև ականները և ականանետերը, տարեկան դառնում են մարդկանց մահվան և վիրավորման պատճառ։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս խուսափել շփման գծին և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին մոտ գտնվող ավտոճանապարհներին գտնվելուց։ Այս մասին հայտնում է hetq.am-ը:

ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ամերիկյան կառավարական ծառայակիցները այնտեղ այցելության սահմանափակումներ ունեն։

Բացի այդ, Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքմենստան և Ադրբեջան այցելելուց՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Այդ մասին նշված է Պետքարտուղարության պաշտոնական կայքում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Թուրքմենստանում չի գրանցվել կորոնավիրուսով վարակակիրների դեպք, իսկ Ադրբեջանում վարակակիրների թիվը հասել է 6-ի։

Թուրքմենստան չայցելելու առաջարկը բացատրվում է այն քայլերով, որն այդ երկրի կառավարությունը ձեռնարկել է՝ կորոնավիրուսի չտարածման համար։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքմենստանում բուժման մեթոդները չեն համապատասխանում ամերիկյան չափանիշներին։

Ադրբեջանի պարագայում էլ Պետքարտուղարությունը նշում է, որ այդ երկրի բուժօգնության տրամադրման մեթոդները նույնպես չեն համապատասխանում ԱՄՆ պահանջներին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը բավականին խոցելի երկիր է ահաբեկչական գործողությունների տեսանկյունից։

Ահաբեկիչները կարող են հարձակվել նույնիսկ առանց զգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային օբյեկտները, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առևտրի կենտրոնները, տեղական ինքնակառավարման մարմինները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, ուխտագնացության վայրերը, այգիները, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումները, կրթական հաստատությունները, օդանավակայանները և հանրային այլ տարածքներ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին