Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին էական վնաս է պատճառել իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձանց․ ՔԿ

05 Մարտ, 2020 19:10
Քաղաքացին էական վնաս է պատճառել իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձանց․ ՔԿ

Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկը, տեղեկանալով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձի և նրա ընտանիքի ծանր ֆինանսական դրության մասին, 2018թ նոյեմբեր ամսից մինչև 2019թ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ հոր միջոցով նրանց է տվել ընդհանուր 663.887.880 ՀՀ դրամ գումարին համարժեք 1.365.000 ԱՄՆ դոլար գումար` 2019թ աշնանը՝ խաղողի բերքահավաքից հետո գումարը վերադարձնելու պայմանով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Այնուհետև, չսպասելով իր սահմանած ժամկետի ավարտին՝ 2019թ. հուլիս ամսին նրանցից անսպասելի պահանջել է վերադարձնել իր տված գումարը: Վերջիններս, տվյալ պահին լինելով անվճարունակ, խնդրել են պայմանավորվածության համաձայն գումարը վերադարձնել ամիսներ անց՝ բերքահավաքից հետո: Անտեսելով խնդրանքը՝ 2019թ հուլիս-օգոստոս ամիսներին նա նշված ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով սկսել է փաստացի տիրապետել նրանց պատկանող, Արմավիրի մարզի վարչական տարածքում գտնվող 50հա խաղողի այգին, 20հա վարելահողը և 4հա արտադրական տարածքները` վերջիններիս զրկելով իրենց սեփականությունն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ՀՀ սահմանադրությամբ նախատեսված իրավունքից:

Առերևույթ հանցագործություն կատարելու համար հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչությունը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին