Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը 2 օր առաջ ՀՔԾ է հրավիրվել

26 Փետրվար, 2020 12:21
Սուրեն Պապիկյանը 2 օր առաջ ՀՔԾ է հրավիրվել

 «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում խոսեց ոչ միայն նախընտրական քարոզչության, այլև՝ Հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին։   

Պապիկյանը պարզաբանեց, թե ինչու՞ էր հրավիրվել ՀՔԾ․  «Իմ նպատակն է պարզել՝  պաշտոնյայի մասին գաղտնի ինֆորմացիան ինչ կերպ է դուրս եկել տվյալ իրավապահ մարմնի տիրույթից, ո՞ր պաշտոնյայի միջոցով, կամ ո՞ր ոչ պաշտոնյայի միջոցով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Hraparak.am» գրել էր՝ «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերնագրով  հոդվածը, ըստ որի՝  նախարար Պապիկյանը ծառայության տարիներին դատվել է, և այդ հանգամանքը թաքցրել իր կենսագրությունից։  

Այս թեմային անդրադարձել էր նաև Պապիկյանը՝  ֆեյսբուքյան ուղիղ եթերում․ «Ճակատագրի բերումով ծառայել եմ ոչ հայկական բանակում։ Ծառայություն ընթացքում, երբ զորամասում լինում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, լինում են նաև խնդիրներ։ Ներկայացված հոդվածի մեջ կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուրիմացություն»,–ասաց Պապիկյանը` հավելելով, որ ծառայության ընթացքում ինքն աչքի է ընկել իբրև լավ զինվոր, որպես լավագույն սահմանապահ խրախուսանքի է արժանացել։

Նրա խոսքով` բայց եղել է մի միջադեպ, որն իր այն ժամանակվա ընկալմամբ վնասել է ազգային ինքնասիրությանը։

«Ընդ որում` հոդվածում ներկայացվածը`տարբեր զենքերի սուր, ծակող, կտրող գործիքների մասին, իրականությանը չեն համապատասխանում։ Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, ես որևէ մեղք չեմ ընդունել։ Համաներմամբ ազատ եմ արձակվել, նաև դրանով համարվել է մարված իմ դատվածությունը։ Որևէ մեկի նկատմամբ ուժ չեմ գործադրել, որևէ մեկի նկատմամբ զենք չեմ կիրառել։ Սա կյանքի մի էտապ է, որը ես ինձ համար փակված եմ համարել։ Հետո զբաղվել եմ կրթությամբ, մանկավարժությամբ, գիտամանկավարժական գործունեությամբ։ Հետագայում զբաղվել եմ քաղաքականությամբ»,– հայտնել էր Պապիկյանը` հավելելով, որ դա գաղտնի տեղեկություն չի եղել, իր շրջապատում այդ մասին իմացել են բոլորը։

 

Լրահոս

Դիտել ավելին