Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ այսօր՝ փետրվարի 18–ին, տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի լրատվական ծառայությունից։
Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովում քննարկվելու են քաղաքաշինական խոշոր նախագծերը, խնդրահարույց նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրները ու դրանց հետ կապված առաջարկվող լուծումները:
Անդրադարձ է կատարվել չորս հիմնական թեմայի, որոնք էին «Հին Երևան» քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը, Երևանի 33-րդ թաղամասի ծրագիրը, Երևանի Կոնդ թաղամասի քաղաքաշինական «վերակենդանացման» ծրագիրը, շինարարական թույլտվությունների վիճարկման պատճառով կասեցված շինարարությունների հարցը:
Առանձին անդրադարձ է կատարվել Երևանում շինթույլտվությունների վիճարկման պատճառով շինարարությունների կասեցմանը: Երևանի քաղաքապետը ներկայացրել է առկա իրավիճակը ու շինարարությունների կասեցման վիճակագրությունը: Որոշվել է հանձնաժողովում մանրամասնորեն ուսումնասիրել հարցը ու գտնել լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն անհարկի ու անհիմն վիճարկումները: