Կարևոր իրադարձություններ

ԶՈւ ներկայացուցիչը հերքում է Հանրային ՀԸ-ի ռեպորտաժի տեղեկատվությունը՝ «Օրսիս»-ի վերաբերյալ

12 Փետրվար, 2020 21:20
ԶՈւ ներկայացուցիչը հերքում է Հանրային ՀԸ-ի ռեպորտաժի տեղեկատվությունը՝ «Օրսիս»-ի վերաբերյալ

Հանրային հեռուստաընկերությամբ «Օրսիս» ընկերության վերաբերյալ փետրվարի 11-ին հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Aysor.am-ին ասել է ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։ 

Նա ընդգծել է, որ նյութում որպես աղբյուր ներկայացված անձը չէր կարող տիրապետել սպառազինության ձեռք բերման մասին տեղեկատվությանը։

«Այդ նյութում «Օրսիսի» թեմայով հարցազրույց տված անձը Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար չէ։ Նա չէր կարող տեղեկություն ունենալ Զինված ուժերի կողմից ձեռք բերվող սպառազինության ու դրա գների մասին, առավել ևս՝ մասնակցել այդ սպառազինության փորձարկումներին: Հետևաբար, ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», - ասել է գնդապետ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ անձինք փորձում են ստվեր գցել Զինված ուժերի վրա.

«Կարծես թե, փորձում են ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հայտնում ենք նաև, որ այս դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է ընթանում», - ամփոփել է Սամվել Ասատրյանը։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում՝  Aysor.am

 

 

Լրահոս

Դիտել ավելին