Կարևոր իրադարձություններ

Որևէ ճամբարում մեզ չենք տեսնում․ ԼՀԿ-ն հանրաքվեի քարոզարշավին չի մասնակցի

11 Փետրվար, 2020 13:48
Որևէ ճամբարում մեզ չենք տեսնում․ ԼՀԿ-ն հանրաքվեի քարոզարշավին չի մասնակցի

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համապատասխան ձայներ չունի, այդ իսկ պատճառով չի դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-ը ձայները, այսինքն՝ 27 ձայն, իսկ «Լուսավոր Հայաստանն» ունի 17 մանդատ։

«Մենք միշտ ասել ենք, որ Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի կողմից ձևավորված Սահմանադրությունը պետք է փոխվի, որպեսզի Հայաստանն ունենա ժողովրդավարական Սահմանադրություն։ Տարբեր նախագծեր ենք բերել, որ այդ համակարգը փոխենք, բայց բոլորը մերժել են։ Ասել են, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով կանենք, բայց այսօր մեր ժողովրդին հանրաքվեի ենք ուղարկում մեկ հոդված փոխելու համար։ Իշխանությունն համակերպվել և վայելում է Սերժ Սարգսյանի ժառանգած համակարգը, բայց իշխանությունը համաձայն չէ Հրայր Թովմասյանի աշխատելուն»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարը վերջին օրերին տպավորություն է ստացել, որ իրենց խմբակցությանը մեղադրում են Հրայր Թովմասյանին պաշտպանելու համար։ Ըստ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի՝ Հրայր Թովմասյանը հեղափոխությունից անմիջապես հետո պետք է հրաժարական տար։

«Եթե իշխանությունն ուզում էր այս խնդիրը լուծել քրեական գործերով, ապա հիմա տեսնում ենք, որ այդ գործերը ճանապարհի կեսին կանգնել են։ Հետո էլ ուզում էին վաղ կենսաթոշակի ուղարկելու ճանապարհով լուծել, սակայն կրկին ճանապարհի կեսին են կանգնել։ Այսօր հայտարություն կա, որ ՍԴ դատավորներ են եկել ԱԺ՝ բանակցություններ անելու համար։ Հիմա էլ հանրաքվեով են ուզում, մենք ասում ենք, որ այս հանրաքվեն ծայրից ծայր հակասահամանադրական է»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

«Փորձում են ասել, որ սա ժողովրդավարություն է, բայց դրանից խոսողները չպետք է մոռանան, որ ժողովրդավարությունը իրավունքի գերակայություն է պահանջում, իսկ այս պրոցեսը իրավական բեսպրեդելի ճանապարհով է ընթանում»,- ասաց պարոն Մարուքյանը։

Անդրադառնալով հանրաքվեին մասնակցելու հարցին՝ Էդմոն Մարուքյանն ասաց՝ համոզմունք ունի, որ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսին պետք է միայն լինի «այո»-ի ճամբար։

ԼՀԿ-ն հանրաքվեի քարոզարշավին չի մասնակցի։

«Որովհետև իշխանությանը օդի պես պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն տանեն, որ ինքն ասի՝, այ, դուք Սերժ Սարգսյանին եք պահանջում։ Եվ մարդկանց պատմի, որ եթե նրանք չգնան հանրաքվեին, նրանք կգան և ձեզ կկեղեքեն։ Բայց եթե «ոչ»-ի ճամբար չլինի, թող միայն «այո»-ն քարոզեն, մեր ժողովուրդն էլ կորոշի՝ կողմ, թե դեմ լինել․․․։ Մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում, մեր ունեցած գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել ենք, և պատրաստ ենք դեռ օգտագործել՝ ՍԴ դիմելու, եթե համապատասխան քանակի ստորագրություններ կլինեն։ Մյուս կողմից բոլոր ուժերին կոչ ենք անում չմտնել ատելության պատերազմի մեջ և թողնել, որ «այո»-ի ճամբարը քարոզի՝ որևէ կերպ իշխանությանը շանս չտալ որևէ մեկի վրա ատելության քարոզ իրականացնել և սպառնալ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին