Չինաստանում նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 4-ի տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է 20471 հաստատված դեպք` 425 մահվան ելքով, իսկ աշխարհում գրանցվել է 20630 հաստատված դեպք:
Նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել են մի շարք համալիր միջոցառումներ՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ:
ՀՀ պետական սահմանի անցման կետերում Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացվող հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու համար առողջապահության նախարարության մասնագետները դեռևս հունվարի 27-ից գործուղվել էին սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր: Նշված օրվանից մինչ օրս Հայաստան է ժամանել 859 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ ըստ բնակության վայրի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչ օրս կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրս գրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Բոլորը ստացել և ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները: Արդյունքում` եզակի դեպքերում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի հարուցիչներ, ռինովիրուսներ, իսկ նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին կտրամադրվի լաբորատոր թեստերի նոր խմբաքանակ:
Այս պահին իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում վերահսկելի է, նոր կորոնավիրուսային վարակով դեպքեր չեն արձանագրվել, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ համագործակցված շահագրգիռ կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ:
Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել, չտարածել ապատեղեկատվություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին և բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից, իսկ չհիվանդանալու համար հիշեցնում ենք.