Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի ֆուտբոլիստի հայրը խոստովանել է՝ հայ մարզիչը որդուն չի հանել թիմից, այլ տղան է գնացել քաղաքական նկատառումներով

04 Փետրվար, 2020 17:13
Ադրբեջանցի ֆուտբոլիստի հայրը խոստովանել է՝ հայ մարզիչը որդուն չի հանել թիմից, այլ տղան է գնացել քաղաքական նկատառումներով

«Տոբոլի» ադրբեջանցի նախկին դարպասապահ Էմիլ Բալաեւի հայրը խոստովանել է, որ իր որդին ղազախական թիմից հեռացել է քաղաքական դրդապատճառներով: Այս մասին գրում է ղազախական sports.kz պարբերականը: «Տոբոլի» գլխավոր մարզիչը Գրիգորի Բաբայանն է, եւ ֆուտբոլիստը չի ցանկացել հանդես գալ հայազգի մասնագետի գլխավորությամբ, թեեւ վերջինս վստահեցրել է 25-ամյա խաղացողին, որ ինքն ազգային պատկանելիությանը նշանակություն չի տալիս, եւ նա իր թիմի հիմնական դարպասապահն է լինելու:

«Դուբայում նա մոտեցել է Էմիլին եւ ասել. «Դու ինձ համար հիմնական դարպասապահ ես: Ուզում եմ, որ այստեղ խաղաս»: Նա Էմիլին պատմել է իր մասին: Ասել է, որ իր պապին Ղազախստան են աքսորել 1937 թվականին, որ ինքը ծնվել է Ղազախստանում, տեղի մենթալիտետի կրող է եւ Հայաստանի հետ կապ չունի: Էմիլը պատասխանել է. «Դեռ ոչինչ չեմ կարող ասել»: Բարեբախտաբար, Էմիլը լքել է ակումբը: Հիմա նա ազատ գործակալի կարգավիճակում է: Եթե նույնիսկ Էմիլին միլիոն տային, նա չէր մնա, որովհետեւ մենք պատիվ ունենք: Էմիլը հրաժարվել է ամսական գրեթե 20 հազար դոլար աշխատավարձից, կարո՞ղ եք պատկերացնել»,- ասել է ֆուտբոլիստի հայրը:

Ավելի վաղ Բալաեւը, որը Ղազախստանի անցած տարվա լավագույն դարպասապահն է, թիմի հետ մեկնել է Դուբայ՝ ուսումնամարզական հավաքի, սակայն չի մնացել այնտեղ: Ակումբի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա վնասվածք ուներ եւ մեկնել էր՝ բուժվելու: Նրա ապագայի շուրջ մամուլը կասկածներ էր հայտնում, դեռ այն ժամանակ, երբ Բաբայանը նոր էր գլխավորել «Տոբոլը»: Նա գլխավոր մարզիչ էր դարձել 2019թ. դեկտեմբերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին