Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի իշխանությունները խուսափում են պատասխանատվությունից. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Բաքվի ջարդերի հետ կապված հայտարարություն է տարածել

01 Փետրվար, 2020 16:55
 Ադրբեջանի իշխանությունները խուսափում են պատասխանատվությունից. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Բաքվի ջարդերի հետ կապված հայտարարություն է տարածել

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված  հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսեւորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին եւ տեղահանվեցին:

Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված եղավ փախուստի դիմել Ադրբեջանից: Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի եւ այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձեւերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք եւ կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ: Այս կապակցությամբ, մենք՝

- ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը,

- դատապարտում ենք ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում,

- վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարեւոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար,

- դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները եւ հրահրողները դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել»

Գրավոր հայտարարությանն իրենց ստորագրությամբ նաեւ միացել են  ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից եւ տարբեր քաղաքական խմբերից: Այս մասին հրապարակված է ՀՀ ԱԺ կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին