Կարևոր իրադարձություններ

28-ամյա քաղաքացին Հայաստան է բերել հաշիշ՝ սոցցանցերի միջոցով վաճառելու նպատակով

30 Հունվար, 2020 00:01
28-ամյա քաղաքացին Հայաստան է բերել հաշիշ՝ սոցցանցերի միջոցով վաճառելու նպատակով

Հունվարի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները Պարույր Սևակի փողոցում հայտնաբերել եւ կասկածանքով բերման են ենթարկել Երևանի երկու բնակչի` 28 և 30 տարեկան։ 30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված յուրահատուկ հոտով թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 43 գրամից ավելի քաշով, որոնք ուղարկվել են փորձաքննության։ 

28-ամյա երիտասարդը բերման ենթարկվելիս նետել էր մոտի թմրամիջոցի նմանվող զանգվածները։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեց ընդհանուր 23 գրամից ավելի քաշով 15 փաթեթ, որոնց մեջ, ըստ բերման ենթարկվածի՝ հաշիշ է։ Դրանք ևս առգրավվել և ուղարկվել են  փորձաքննության։

Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ զանգվածները մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել 28-ամյա երիտասարդը՝ սոցցանցերի միջոցով դրանք վաճառելու նպատակով։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին