Կարևոր իրադարձություններ

Հայաստանում երկու չինացի այս պահին պահվում են բոքսում՝ հսկողության ներքո

29 Հունվար, 2020 14:41
Հայաստանում երկու չինացի այս պահին պահվում են բոքսում՝ հսկողության ներքո

Հայաստանում երկու չինացի, որոնցից մեկն ունի 37 աստիճան ջերմություն, այս պահին պահվում են բոքսում՝ հսկողության ներքո: Նրանց թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը: Այժմ կատարվում են ռենտգեն հետազոտություններ՝ պարզելու թոքաբորբ առկա՞ է, թե ոչ:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե Հայաստանից ավտոբուսով մեկնող երկու չինացու արդյոք թույլ տվե՞լ են հատել Վրաստանի սահմանը:

«Վրաստանի սահմանում նմանատիպ խնդիր եղել է: Ավտոբուսում եղած բոլոր քաղաքացիները՝ թե չինացիները, թե մյուսները եռակի ջերմաչափվել են։ Չինացիներից մեկը ջերմություն չի ունեցել և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մյուսի մոտ եղել է ընդամենը 37 աստիճան ջերմություն, նա հիմա անցնում է ռենտգեն նկարահանում, թոքերն են հետազոտում: Տեսնենք, թե ռենտգենի պատկերն ինչ ցույց կտա, բայց այս պահին երկուսի ինքնազգացողությունն էլ բավարար է: Նրանք, սակայն, դեռևս կմնան հսկողության ներքո՝ առանձին բոքս-մեկուսարաններում, տեսնենք, թե ինչ պատկեր կունենանք ռենտգենի արդյունքում»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է դիտարկել միայն մեկին, որը 37 աստիճան ջերմություն ունի: Թորոսյանը նշեց՝ հիմա գրիպի սեզոն է, և բացառված չէ, որ նրանք կարող են ունենալ պարզապես շնչառական վարակ։ Նա նաև տեղեկացրեց, որ այդ անձինք երկար ժամանակ եղել են Վրաստանում, հետո եկել Հայաստան:

Թորոսյանն ընդգծեց՝ հետազոտության արդյունքում միայն կարող են պարզել, թե առկա՞ է, արդյոք, թոքաբորբ՝ բնորոշ ինֆիլտրատիվներով: Հայաստանում ներկայում չկա նոր կորոնավիրուսի լաբորատոր թեստ, սակայն անհրաժեշտության դեպքում նմուշներ կուղարկվեն եվրոպական տարածաշրջանի լաբորատորիաներ: Նոր կորոնավիրուսին բնորոշ է կարճ ժամանակում ինֆիլտրատիվ թոքաբորբի առաջացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին