Կարևոր իրադարձություններ

Հայ եկեղեցու դերի և առաքելության նենգափոխված ներկայացումն ատելության դրսևորում է. Մայր աթոռ

21 Հունվար, 2020 12:21
Հայ եկեղեցու դերի և առաքելության նենգափոխված ներկայացումն ատելության դրսևորում է. Մայր աթոռ

Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ժողովի ընթացքում քննարկվել են թեմերում հոգևոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին և հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հոգևոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին և եկեղեցականների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին: Մտքեր են փոխանակվել նաև եկեղեցականների պատրաստության, հոգևոր-կրթական հաստատությունների սաների ընդունելության և կրթության բարելավման վերաբերյալ:

Քննարկումներ են ծավալվել եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում կարգավորման ենթակա խնդիրների շուրջ: Ժողովականները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբերի հետևողական աշխատանքը` ի նպաստ հայրենի երկրի և բարեպաշտ ժողովրդի:

Անդրադարձ է կատարվել նաև «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբ» անվան տակ հանդես եկող հասարակական որոշ կազմակերպությունների կողմից «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին» ընդառաջ պատրաստված զեկույցին:

Եպիսկոպոսաց հավաքի կողմից արձանագրվել է, որ հիշյալ զեկույցում տեղ են գտել մի շարք խնդրահարույց գնահատականներ և դիտարկումներ: Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի է նկատվել զեկույցում Հայ Եկեղեցու դերի և առաքելության ոչ ճշգրիտ և նենգափոխված ներկայացումը, որը ինքնին խտրականության և ատելության դրսևորում է Հայ Եկեղեցու և նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետևորդների նկատմամբ:

Ժողովականները հաստատել են, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե՛ անցյալի և թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության և նրա քաղաքացիների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին